Իլհամ Ալիևն իր այսօրվա ելույթով փակուղի է տանում Հայաստանի հետ անգամ միջնորդավորված երկխոսության գործընթացը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արևելագետ Արմեն Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ Ալիևը փակուղի է տանում Հայաստանի հետ կարգավորման գործընթացը։
«Օրակարգ է բերում Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում առկա բոլոր խնդիրները բացառապես սեփական շահերի տիրույթում անզիջում լուծելու մարտավարությունը՝ անգամ ուժի սպառնալիքի և հենց ուժի կիրառման եղանակով։
Ադրբեջանի բռնապետի հին, նոր և մշտական նպատակներն են.
1. Հայաստանին ամեն կերպ դուրս թողնել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացից։
2. Կյանքի կոչել «Զանգեզուրի միջանցքի» թյուրքական ծրագիրը։
3. Ադրբեջան-Հայաստան սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնել Բաքվին ձեռնտու քարտեզների հիման վրա՝ դրանով իսկ լեգիտիմացնելով ՀՀ ինքնիշխան տարածքներում ադրբեջանական ԶՈւ ներկայությունն ու նոր շրջանների օկուպացիան։
Իսկ Ադրբեջանի նախագահի նման քաղաքականության իրականացմանն են նպաստում աշխարհաքաղաքական իրավիճակը՝ պայմանավորված Ռուսաստանին և Իրանին առնչվող զարգացումներով, տարածաշրջանային գործընթացները, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում անհարթությունները և այլն…»,-նշել է նա։