Հայաստանի իշխանությունը վերջին օրերին բարձրաձայնում է «Լաչինի միջանցքի» շուրջ խորացող խնդրի մասին. Տիգրան Աբրահամյան

Հայաստանի իշխանությունը վերջին օրերին բարձրաձայնում է «Լաչինի միջանցքի» շուրջ խորացող խնդրի մասին, մասնավորապես, մտավախություն կա, որ Ադրբեջանը կա՛մ այն կփակի կա՛մ այնտեղ անցակետ կտեղակայի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Այս թեմայի և նման սպառնալիքի մասին ամիսներ առաջ եմ խոսել, առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը հանձնվելուց ու Հայաստանն Արցախին կապող երթուղու փոփոխությունից հետո, միջանցքը պարզապես վերածվել է զուտ ճանապարհի։

Հայաստանի իշխանությունն առանց համապատասխան երաշխիքների համաձայնվել է երթուղու փոփոխության՝ հանձնելով նաև հայկական բնակավայրերը։

Իրադրությունն այնպիսի կրիտիկական վիճակի է հասել, որ նույնիսկ Հայաստանի իշխանությունն է խոստովանում, որ «Լաչինի միջանցքում» 5 կիլոմետրանոց բուֆերային գոտին, որը սահմանված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, չի պահպանվում, իսկ ադրբեջանցիները ճանապարհամերձ հատվածներում մարտական դիրքեր են տեղակայել։

Դրանք այնպիսի հատվածներում են, որ երթևեկելիս նկատելի չեն, սակայն այնպիսի տեղակայում ունեն, որով խախտվում է միջանցքային տրամաբանությունը։

Հայաստանի իշխանության հանձնողական քաղաքականության հետևանքով ոչ միայն ընդլայնվում են ադրբեջանական պահանջները, այլ դրանք քայլ առ քայլ իրագործվելով նոր սպառնալիքներ են ստեղծում և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել