«411» ասելով ընդունված է հասկանալ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածը, որը նախատեսում է պատասխանատվություն դրամական պարտավորությունը չկատարելու համար:
Ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ:
Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
Այս կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նշված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:
Դրամական պարտավորությունները չկատարելու համար տոկոսները չեն հաշվարկվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով հաշվարկված տուժանքի, վնասների այլ տոկոսների նկատմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
«Ուրիշի միջոցներից օգտվելու համար տոկոսները գանձվում են մինչև այդ միջոցների գումարը պարտատիրոջը վճարելու օրը, եթե տոկոսների հաշվեգրման ավելի կարճ ժամկետ սահմանված չէ պայմանագրով»,-Իրավաբան.net-ին տեղեկացնում է փաստաբան Արփինե Եղիկյանը: