Բացահայտվել են պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու նոր դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով բացահայտվել են վարչական իրավախախտումները չարձանագրելու համար ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքեր, հայտնում են կոմիտեից։

Մասնավորապես` նախաքննությամբ պարզվել է, որ պարեկ Գ. Պ.-ն իր երկու ծառայակիցների հետ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել է Գ. Շ.-ի վարած ավտոմեքենան և ստուգմամբ պարզել, որ տվյալ տրանսպորտային միջոցը չունի ԱՊՊԱ պայմանագիր, իսկ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում` ալկոհոլի ազդեցության տակ: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց Գ. Շ.-ն պարեկ Գ. Պ.-ին առաջարկել է 20.000 ՀՀ դրամ, որը վերջինս չի վերցրել` վարորդին զգուշացնելով հնարավոր քրեական պատասխանատվության մասին: Կաշառք առաջարկելուց զերծ մնալու՝ պարեկի հորդորներից հետո վարորդը գրպանից ևս մեկ 20.000 ՀՀ դրամ է հանել` որպես կաշառք առաջարկելով արդեն 40.000 ՀՀ դրամ գումար, որից հետո ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ վարորդ Ռ. Ե.-ն իր կողմից թույլ տրված վարչական իրավախախտումը չարձանագրելու համար դարձյալ կաշառք է առաջարկել ՀՀ ոստիկանության պարեկին:

Նախաքննությամբ պարզվել է, որ պարեկներ Հ. Ա.-ն և Ռ. Մ.-ն Երևանյան խճուղում ծառայություն իրականացնելիս նկատել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի առջևի հատվածում տեղադրված են եղել սահմանված չափանիշներին չհամապատասխանող լուսային ազդանշաններ արձակող սարքավորումներ։ Վարորդ Ռ. Ե.-ն իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներից մեկին առաջարկել է 2000 ՀՀ դրամ կաշառք, որից անմիջապես հետո ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին:

Պարեկներին կաշառք առաջարկելու համար վարորդներ Գ. Շ.-ին և Ռ. Ե.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Վերը նշված երկու վարույթների նախաքննությունն ավարտվել է: Վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել