Դասավանդման և ուսումնառության նոր մեթոդներ աստիճանաբար կներդրվեն բուհական համակարգում. ԿԳՄՍՆ

ԵՊՀ-ում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ու Երևանի պետական համալսարանի համատեղ ջանքերով կազմակերպվել էին «Դասավանդման և ուսումնառության մեթոդներ» խորագրով թեմատիկ հանդիպում և պանելային քննարկում։ 

Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Քննարկմանը մասնակցել և որպես բանախոս հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։ 

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, մատնանշելով թեմայի ընտրության արդիականությունը, փաստել է, որ այն պայմանավորված է բուհական համակարգում առկա խնդիրների՝ կրթության բովանդակության և կազմակերպման վերհանմամբ: 

«Այսօր անհրաժեշտություն կա ՀՀ բուհերում ձևավորել մասնագիտական համայնք, որը բարձրագույն կրթության ոլորտում կրթության արդյունավետ կազմակերպման համար կիրականացնի քննարկումներ և կտրամադրի բովանդակային խորհրդատվություն: Ակնհայտ է, որ 21-րդ դարում համալսարանները հումբոլդյան համակարգից փոփոխվում և ուղղորդվում են գիտահետազոտական, ձեռնարկատիրական աշխատանքներ իրականացնող համալսարանների, որտեղ մեծ դեր ունեն դասավանդման և ուսումնառության նորագույն մեթոդներն ու մոդելները։ 

Արդեն իսկ հասանելի են բազմաթիվ հետազոտություններ, որոնք հիմնավորում են դասավանդման և ուսումնառության գործընթացում ստեղծագործական մեթոդների, նորարարական գաղափարների իրականացման անհրաժեշտությունը։ Հույս ունեմ, որ մոտակա ամիսներին կլինեն տեսանելի արդյունքներ, և նոր ուստարում կկարողանանք ժամանակակից մեթոդները ներդնել մեր բուհական համակարգում»,- նշել է Կարեն Թռչունյանը։

ԵՊՀ ակադեմիական/ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանի կարծիքով՝  դասավանդման և ուսումնառության վերաբերյալ փորձագիտական քննարկումները կրթական գործընթացում կարևորագույն դեր ունեն «Պատասխանատվությունը և հետաքրքրությունն ընտրված թեմայի վերաբերյալ իսկապես կարևոր են: Սա լավագույն հնարավորությունն է բարձրաձայնելու այնպիսի խնդիրներ, որոնք անհանգստացնում են կրթության ոլորտի մեր գործընկերներին: Լիահույս եմ, որ լավագույն փորձի ներկայացումը մեծապես կնպաստի առկա խնդիրների լուծմանը»։

Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան հատկապես ընդգծել է քննարկվող թեմայի ընդգրկունությունը, ինչպես նաև փաստել, որ ծրագիրը միավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին և ստեղծել բացառիկ հնարավորություն լավագույն, օրինակելի փորձը ներկայացնելու, կիրառելու, առկա խոչընդոտները վերհանելու առումով։

«Դասավանդման և ուսումնառության մեթոդներ» խորագրով թեմատիկ հանդիպման ընթացքում ներկայացվել են Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում առաջարկվող լավագույն փորձն ու հնարավորությունները, ծրագրի իրագործման ընթացքում առաջացած խնդիրները, ինչպես նաև քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման «PRINTeL», «ABIONET», «TOPAS», «MENVIPRO», «REFINE» ծրագրերը։

Վերոնշյալ ծրագրերի շրջանակում ուսումնասիրվել են դասավանդման մեթոդների և աշխատաշուկայի պահանջների համապատասխանությունը, ուսումնական ծրագրերում նորարարությունների, կարճաժամկետ դասընթացների ներդրումը և կարևորագույն այլ հարցեր, որոնք տեսանելի են դարձնում կրթական ծրագրերի արդիականությունն ու միջազգայնացումը:

 «Դասավանդման և ուսումնառության մեթոդներ» խորագրով թեմատիկ հանդիպմանը մասնակցել է ՀՀ շահառու տարբեր բուհերի դասախոսական և ուսանողական կազմի ավելի քան 100 ներկայացուցիչ, որի ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով տեղի են ունեցել քննարկումներ: 

Մասնակիցները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը և կարծիքներ փոխանակել, պայմանավորվածություն է ձեռք բերվել ըստ ուղղությունների ձևավորել խմբեր, որոնք ժամանակ առ ժամանակ կհանդիպեն և կրթության կազմակերպման բովանդակության մեջ փոփոխություններ կսկսեն իրենց բուհերում: 

Որպես ամփոփում նշվել է, որ նմանօրինակ քննարկումների ընթացքում ոչ միայն մատնանշվում են կրթական գործընթացում առկա խնդիրները, այլև առաջարկվում են արդյունավետ լուծումներ և նոր մոտեցումներ, որոնք նպատակաուղղված են կրթության որակի բարելավմանը, միջազգային լավագույն փորձի ներդրմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել