ՀՀ վարչական դատարանը հայտարարություն է տարածել, որով հերքում է փաստաբան Լուսինե Վիրաբյանի հրապարակումներն այն մասին, թե դատարանում քննված գործով «Հայցվորին իրավահաջորդով փոխարինելու մասին» որոշումը երրորդ անձի կողմից ստանալ-չստանալու վերաբերյալ ապացույցները գործից «անհետացել» են:
«Հանրությանը հարկ ենք համարում տեղեկացնել, որ նշված որոշումը կայացվել է դեռևս 2017 թվականին և ուղարկվել է դատավարության մասնակիցներին, այդ թվում նաև՝ երրորդ անձին՝ դեռևս 28.07.2017 թվականին ստացվել է վերջինիս կողմից:
Որոշումը ստանալուց զատ՝ երրորդ անձի ներկայացուցիչները մասնակցել են այդ որոշման կայացումից հետո հրավիրված դատական նիստերին, ստացել են դատական ակտերը և վերջիններիս համար ակնհայտ է եղել, որ հայցվորը փոխարինվել է իրավահաջորդով:
Ընդ որում՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը, որը, ի դեպ, եղել է երրորդ անձի օգտին, դատարանի որոշմամբ փոխարինված հայցվորի իրավահաջորդի կողմից բողոքարկվել է վերադաս դատական ատյաններ, իսկ երրորդ անձի կողմից «Հայցվորին իրավահաջորդով փոխարինելու մասին» որոշումը ստացված չլինելու մասին որևէ դիրքորոշում, ո՛չ գործի առաջին ատյանի դատարանում քննության, ո՛չ էլ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացված բողոքի շրջանակներում վերադաս դատական ատյաններում քննության ընթացքում չեն ներկայացվել:
Փաստաբան Լուսինե Վիրաբյանը, որը գործի առաջին ատյանի դատարանում քննության ժամանակ չի հանդիսացել երրորդ անձի ներկայացուցիչը, հրապարակմամբ նշված հարցի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել միայն ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելուց և գործը նոր քննության ուղարկելուց հետո՝ 2022 թվականին:
Հատուկ ցանկանում ենք ընդգծել, որ փաստաբան Վիրաբյանի կողմից հրապարակման մեջ նշված ապացույց-լուսանկարների մասին փաստաբան Վիրաբյանը նշել է նաև «Հայցվորին իրավահաջորդով փոխարինելու մասին» որոշումը բողոքարկելու վերաբերյալ իր վճռաբեկ բողոքում՝ կցելով սկավառակներ, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ներկայացված սկավառակները որևէ ապացույց/լուսանկար չեն պարունակում:
Դատական իշխանությունը լիահույս է, որ պատկան մարմինների կողմից կիրականացվի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, որի արդյուքում ենթադրյալ մեղավորները, այդ թվում նաև՝ կեղծ մատնություն տվող անձինք կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»,-նշվում է դատարանի հայտարարության մեջ: