Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց երաշխավորություն կիրառելը թույլատրելի համարելու և նրան կալանքից ազատելու համար դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին: Այս մասին հայտնում է փաստաբան Զորայր Հարությունյանը։
«Էրիկ Ալեքսանյանի դատավարական պարտականությունների պատշաճ կատարումն անձամբ երաշխավորելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներ` Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գևորգյանը, Գեղամ Նազարյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը, Թադևոս Ավետիսյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը և Արամ Վարդևանյանը:
Լրացուցիչ կտեղեկացնեմ ընթացքի և կայացվելիք որոշման վերաբերյալ»,-նշել է նա:
Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 17-ին տեղեկացրել էր, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:
ԲԴԽ-ն նույն օրը, նշված օրենսգրքով նախատեսված ընթացակարգով, հրավիրել էր նիստ և դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությունը բավարարելու որոշում էր կայացրել:
Մեղադրանք էր առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին. Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այն փոխկապակցված է ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ («Փաստաբանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի երրորդ պարբերության հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը փաստաբանին ձերբակալելու մասին տեղեկացրել էր Փաստաբանների պալատի նախագահին):
Հոկտեմբերի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները։
Էրիկ Ալեքսանյանի պաշտպանը հայտնել է, որ նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: