Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն ֆեյսբուքյան իր էջում հրապարակվել է իրեն առաջադրված մեղադրանքի հոդվածը, ըստ որի՝ իրեն ցանկանում են դատապարտել ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք հափշտակելու համար:
«Այն, որ ինձ ցանկանում են դատապարտել զարմանալի չէ, բայց, որ ցանկանում են դատապարտել ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք հափշտակելու համար, նույնիսկ ինձ համար է նորություն: Այս ամենը զավեշտալի կլիներ, եթե իրականություն չլիներ»,– գրել է նա:
Բարձրագույն դատական խորհրդից էլ հայտնում են․ «Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, ունենք հին ու նոր քրեական օրենսգրքերի տարբերություն։ Նախորդիվ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված էր՝ «Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը», իսկ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված է «Ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք հափշտակելը»»։

