Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքում, որը գտնվում է Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում, տարօրինակ հոտ է զգացվել, հայտնում են համալսարանից։
«Այս պահին այնտեղ են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ներկայացուցիչները և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը։
Այս պահին պարզվել է, որ գազի արտահոսք չկա։
Տուժածներ չկան»,-նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել են, որ նոյեմբերի 22-ին, ժամը 10:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տարահանվել են մոտ 400 ուսանող և 35 դասախոս։