Սոցփաթեթի շահառուների շրջանակը կընդլայնվի․ ԱՍՀՆ-ն նախագիծ է ներկայացրել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որը մշակվել է սոցփաթեթի շահառուների շրջանակի ընդլայնման, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման նպատակով:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված սոցփաթեթի շահառուների ցանկում լրացվում են այն հանրակրթական ծրագրեր իրականացնող դպրոցները, որոնք դեռևս ընդգրկված չեն ցանկում, մասնավորապես՝

  • Վերականգնվում է այն հիմնադրամների աշխատողների սոցփաթեթից օգտվելու իրավունքը, որոնք նախկինում հանդիսանալով պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) աշխատողներ, եղել են սոցփաթեթի շահառու, սակայն այդ ՊՈԱԿ-ի՝ վերակազմակերպման արդյունքում հիմնադրամներ դառնալուց հետո, այլևս սոցփաթեթի շահառու չեն,
  • սոցփաթեթի շահառու կազմակերպությունների ցանկը լրացվում է նոր պետական կազմակերպություններով՝ նույն ոլորտում գործունեություն ծավալող նույնատիպ կազմակերպությունների (հանրակրթական ծրագրերով ուսուցանող դպրոցների և վարժարանի) աշխատողների համար միատեսակ սոցիալական երաշխիքներ նախատեսելու և սոցիալական արդարության պահպանման նպատակով։

Միաժամանակ, առավել հստակեցվում է սոցփաթեթի հատկացման կարգը՝ այդպիսով լուծելով իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ։

Նախագծով, այդ թվում՝ վերը նշված ուղղություններով մասնավորապես կարգավորվում են հետևյալ խնդիրները.

       Նույն ոլորտում, մասնավորապես՝ կրթական, գործունեություն ծավալող նույնատիպ կազմակերպությունների աշխատողների համար միատեսակ սոցիալական երաշխիքներ նախատեսելու նպատակով սոցփաթեթի շահառուների շրջանակն առաջարկվում է ընդլայնել 538 շահառուով, որի համար կպահանջվի յուրաքանչյուր տարի  շուրջ 38.7 մլն դրամ։ Ստորև ներկայացվում են այն կազմակերպությունները, որոնց աշխատողներին առաջարկվում է ընդգրկել սոցփաթեթի շահառուների ցանկում։ Այդպիսիք են.

  1. Հիմնադրամներ, որոնք նախկինում հանդիսանալով պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ) հանդիսացել են սոցփաթեթի շահառու, սակայն վերակազմակերպվելով հիմնադրամների՝ դուրս են մնացել սոցփաթեթի շահառու կազմակերպությունների ցանկից։ Մասնավորապես այդ հիմնադրամներն են.
  • Ծաղկունք բաց դպրոցը՝ շուրջ 57 շահառու,
  • Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը՝ շուրջ 67 շահառու,
  • Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոցը՝ շուրջ 55 շահառու,
  • Հայ-չինական բարեկամության դպրոցը՝ շուրջ 72 շահառու։
  1. Ավագ դպրոցներ, որոնց կողմից ևս իրականացվում են հանրակրթական ծրագրեր, ինչպես, որ ՊՈԱԿ հանդիսացող և սոցփաթեթի շահառու հանրակրթական դպրոցների կողմից, սակայն նշված ավագ դպրոցները, հանդես գալով համալսարանների կազմում և չունենալով առանձին կազմակերպաիրավական ձև, չեն կարողանում օգտվել սոցփաթեթի իրավունքից։ Այդպիսիք են.
  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան N 3 ավագ դպրոցը՝ շուրջ 21 շահառու,
  • Երևանի պետական մանկավարժական համալսարանի N 57 ավագ դպրոցը՝ շուրջ 51 շահառու,
  • Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցը՝ շուրջ 79 շահառու,
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Երևանի» ավագ դպրոցը՝ շուրջ 136 շահառու։

 Արդյունքում, նշված 1-ին և 2-րդ կետերով լրացումների դեպքում շահառուների ցանկը, ինչպես նշվեց, ընդհանուր առմամբ կընդլայնվի 538 շահառուով, որի համար յուրաքանչյուր տարի կպահանջվի  շուրջ 38.7 մլն դրամ։

Առողջապահության նախարարության կողմից կատարված հաշվարկների համաձայն` նշված շահառուների սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչն ապահովելու համար տարեկան կտրվածքով կպահանջվի լրացուցիչ շուրջ 18.5 մլն դրամ:

Նախագծով առաջարկվում է նաև, որ մեկամսյա ժամանակահատվածում այլ աշխատանքի ընդունվելու կամ տեղափոխվելու դեպքում սոցփաթեթի պահպանման երաշխիքը իրացվի սոցփաթեթի փոխանցման համար նոր աշխատավայրի կամ նույն աշխատավայրի պատասխանատու ստորաբաժանում դիմելու ամսաթվի հիման վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել