Պեմզաշենում 3 սպանության համար մեղադրվողներից մեկի տունը փորձել են հրկիզել, ոստիկանությունը կանխել է

Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել Պեմզաշեն գյուղում տեղի ունեցած երեք սպանության համար մեղադրվողներից մեկի տունը հրկիզելու փորձը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից նշեցին, որ նոյեմբերի 20-ին Պեմզաշեն գյուղում հերթապահություն իրականացնելիս ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 5 անձի, ովքեր, կոտրելով պատուհանը` պատրաստվում էին բենզինով այրել տունը։

«Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին»,- ասացին ոստիկանությունից:

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի 20-ին ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանները նկատել են, որ մի քանի կին մոտեցել են նշված տանը, նրանցից մեկը մետաղյա ձողով կոտրել է նշված տան պատուհանի ապակին։ Սակայն, ոստիկաններին հաջողվել է կանանց կողմից հետագա գործողությունները կանխել։ Ըստ նույն տեղեկությունների՝ տունը պատկանում է երեք սպանությունների համար մեղադրվող, կալանավորված, Պեմզաշեն գյուղի բնակիչ Վրույր Բարսեղյանին։

Ոստիկանությունից հայտնել են, որ ըստ պեմզաշենցի 32-ամյա տղամարդու՝ նոյեմբերի 8-ի երեկոյան հանդիպել էր իր ազգական, նույն գյուղի 41-ամյա բնակչին և հայտնել, որ փողի կարիք ունի։ 41-ամյա ազգականն ասել էր, որ ինքը մի տեղ գիտի, որտեղից կարելի է գումար վերցնել։ Քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ ազգականի «ԲՄՎ»-ով գնացել էին Զարինե Մելիքսեթյանի տան ուղղությամբ, կայանել տնից փոքր-ինչ հեռու։ Սպասել էին որոշ ժամանակ և երկուսով անարգել տուն մտել, քանի որ դուռը բաց էր եղել։

Ըստ նախնական տվյալների՝ միջանցքում նրանց դիմաց դուրս էր եկել Զարինե Մելիքսեթյանը։ 41-ամյա տղամարդը բռունցքով հարվածել էր նրա գլխին, ինչի հետևանքով կինն անգիտակից ընկել էր միջանցքի հատակին։ Դրանից հետո 32-ամյա տղամարդը խոհանոցում դրված պայուսակում գումար էր փնտրել։ Չգտնելով՝ դուրս էր եկել տան բակ, վերցրել հակի թելեր, կրկին մտել ներս և դանակի մի քանի հարված հասցրել Զարինե Մելիքսեթյանին։ Դանակահարելուց հետո ննջարանից դուրս էին եկել երեխաները։ 32-ամյա տղամարդը կապել էր Զարինե Մելիքսեթյանի և նրա 12-ամյա դստեր ձեռքերը, իսկ 8-ամյա որդու ձեռքերն ու ոտքերը։ 32-ամյա տղամարդը դանակահարված և ձեռքերը կապված կնոջը տեղափոխել էր ննջարան:

Կնոջը թողնելով ննջարանի հատակին՝ 32-ամյա տղամարդը վիրավոր մոր աչքի առաջ դանակի 3 հարված էր հասցրել 8-ամյա որդուն, որը տեղում մահացել էր, դանակի ևս մի քանի հարված հասցրել էր ընկած կնոջը, որը նույնպես մահացել էր։

Այս ամենից հետո արձակել էր 12-ամյա աղջկա ձեռքերը, տեղափոխել տան միջանցք և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ։ Այնուհետև հարցրել էր երեխային՝ ճանաչո՞ւմ է իրեն։ Ստանալով դրական պատասխան՝ դանակի երեք հարված էր հասցրել նաև նրան ու սպանել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել