Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք։ «Արցախպրես»-ի փոխանցմամբ այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։
«Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի շրջակայքում ադրբեջանական զինուժի դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորի ուղղությամբ: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ իրականացնում է նշված միջադեպի հետաքննությունը», – ասվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի ամենօրյա տեղեկագրում: