Երևանի դպրոցներից մեկը կանվանակոչվի ակադեմիկոս Վահագն Դավթյանի անվամբ

Երևանի ավագանին նոյեմբերի 22-ի նիստին որոշում «Երևանի համար 37 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչել հայ բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի անվամբ՝ «Երևանի Վահագն Դավթյանի անվան հ.37 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Վահագն Դավթյանը ծնվել է 1922թ. Արաբկիրում (Արևմտյան Հայաստան): Չորս տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում։ Գաղթական արաբկիրցիները 1930-ական թվականներին եկել և Երևանում հիմնել են նոր Արաբկիր թաղամասը։ Այդ մասին իմանալով՝ 1932 թվականին ընտանիքը վերադառնում և հաստատվում է Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո գնացել է բանակ, անմիջապես սկսվել է երկրորդ համաշխարհային պատերազմը։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել է և վերադարձել տուն, ընդունվել համալսարան։ 1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Եղել է «Ավանգարդ» թերթի աշխատակից՝ 1945-1954 թվականներին, «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար՝ 1954-1962 թվականներին, գլխավոր խմբագիր՝ 1962-1965 թվականներին, «Հայրենիքի ձայն» թերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր՝ 1965-1967 թվականներին, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ՝ 1967-1981 թվականներին, «Սովետական Հայաստան» (1989 թվականից՝ «Վերածնված Հայաստան») ամսագրի գլխավոր խմբագիր՝ 1981-1990 թվականներին, Հայաստանի գրողների միության նախագահ՝ 1991-1994 թվականներին, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ 1986 թվականին, ակադեմիկոս՝ 1996 թվականին։

Մոտ 40 բանաստեղծական ժողովածուի, գրական-հրապարակախոսական հոդվածների 2 գրքի, մամուլում տպագրված մոտ 1000 հոդվածի, գրախոսությունների, էսսեների, հուշագրությունների հեղինակ է։ Վահագն Դավթյանի ստեղծագործությունները սկսել են տպագրվել 1935 թվականից։ Թարգմանել է Ա. Ս. Պուշկինի, Ս. Ա. Եսենինի, Ա. Բլոկի, Շ. Պետեֆիի, Ռոբերտ Բըրնսի, Ռուդաքի, Մեժելայտիս, Ա. Կիրակոսյանի և այլոց բանաստեղծություններից։

Վ. Դավթյանը մահացել է 1996 թվականի փետրվարի 21-ին Երևանում, աճյունն ամփոփած է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

«Երևանի հ.37 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայ բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել բանաստեղծի դուստրեր՝ Հասմիկ և Անահիտ Դավթյանների, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, նշված դպրոցի տնօրեն Վերգինե Մարկոսյանի կողմից:

«Երևանի հ.37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հայ բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ հարցը քննարկվել և հավանության է արժանացել դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի, մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել