Վարչապետի աշխատակազմը նոր օրենքի նախագիծ է ներկայացրել շուկայի վերահսկողությանն ուղղված

Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել նոր օրենքի նախագիծ։

Առաջարկվում է ընդունել «Շուկայի վերահսկողության մասին» օրենք, որով սահմանվում են օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը, համապատասխան հասկացությունները, շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները, տեսչական մարմնի գործառույթները, իրականացվող վերահսկողության առանձնահատկությունները և ձևերը, մասնավորապես՝ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել մշտադիտարկման վերահսկողության ձև, որը հնարավորություն կընձեռի տեսչական մարմնին վերապահված վերահսկողության ոլորտում իրականացնել գործողությունների համալիր, որն ուղղված է լինելու վերհանելու տվյալ ոլորտում առկա ռիսկերը և կանխարգելելու վտանգավոր արտադրանքի շրջանառությունը շուկայում.

Միաժամանակ, օրենքի նախագծով նաև նախատեսվում է սահմանել շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող անձանց և տնտեսավարողների իրավունքները և պարտականությունները: Նախագծի ընդունումը թույլ  կտա կանոնակարգել և առավել արդյունավետ դարձնել տեսչական մարմնի կողմից ոչ պարենային արտադրանքի, թանկարժեք մետաղների, չափումների միասնականության ապահովման, ինչպես նաև արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ոլորտներում ռիսկերի կառավարումը, անվտանգության ապահովումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:

Օրենքը կկարգավորի է ոչ պարենային արտադրանքի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման և առևտրի, արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի ոլորտներում իրականացվող վերահսկողության հիմնական սկզբունքները, առանձնահատկությունները, վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց, տնտեսավարող սուբյեկտների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև վերահսկողության հետ կապված այլ հարաբերությունները:

Այն չի տարածվի տարանցիկ փոխադրվող արտադրանքի, սննդամթերքի, դեղամիջոցների (այդ թվում՝ անասնաբուժական), միջուկային նյութերի, հատուկ տրոհվող նյութերի, միջուկային էներգիայի բնագավառում օգտագործվող այլ արտադրանքի, ռազմական նշանակության արտադրանքի, օդանավերի և դրանցում տեղադրված սարքավորումների, քաղաքաշինության օբյեկտների վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել