Ավագանին կսահմանի Երևանում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները

Երևանի ավագանին նոյեմբերի 22-ի նիստին որոշում կընդունի Երևան քաղաքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին։

Որոշմամբ կսահմանվի, որ

1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 14.1-ին կետի համաձայն՝ Երևան քաղաքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացվում է Երևանի քաղաքապետի կողմից համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից:

2. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն թույլատրվում է իրականացնել Հանրապետության հրապարակում, Ազատության հրապարակում և դրանց կից հարակից տարածքներում:

3. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն թույլատրվում է իրականացնել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով նախատեսված տոնական օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ տոնական օրերին:

4. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունն իրականացվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պատվերով (նախաձեռնությամբ):

5. Երևան քաղաքում հատուկ նշանակություն ունեցող առանձին միջոցառումների դեպքում Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների իրականացումը կարող է թույլատրվել նաև սույն հավելվածի 2-րդ կետում չնշված տարածքներում, սույն հավելվածի 3-րդ կետում չնշված օրերին, ինչպես նաև սույն հավելվածի 4-րդ կետում չնախատեսված անձանց պատվերով (նախաձեռնությամբ)՝ սույն հավելվածի պահանջների պահպանմամբ:

6. Տեխնիկական և հատուկ նշանակության հրագործական արտադրատեսակների օգտագործումը չի թույլատրվում ցանկացած տեսակի շենքերում, շինություններում և կառույցներում, պայթյունահրդեհավտանգ օբյեկտների տարածքներում, գազատար և նավթատար խողովակաշարերի, ինչպես նաև բարձր լարման էլեկտրահաղորդալարերի մոտակա (սպասարկման) տարածքներում, տանիքներում, պատշգամբներում, շենքերի ճակատների ելուստային մասերում, բեմահարթակներում, ինչպես նաև ցույցերի և քայլերթերի ժամանակ:

7. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն անցկացնելու վայրերում չպետք է լինեն ծառեր, էլեկտրահաղորդման լարեր և այլ օդային արգելքներ:

8. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն անցկացնելու վայրի չափերը պետք է համապատասխանեն հրագործական արտադրատեսակների վրա նշված վտանգավոր տարածքի առավելագույն չափերին:

9. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունը պետք է իրականացվի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել