«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Արևելյան գործընկերության գծով հատուկ բանագնաց Դիրք Շուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը անդրադառնալով Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնավորապես ասել է, որ ինքը Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության մասին պատրաստ է խոսել Ղարաբաղում բնակվող հայերի, բայց ոչ այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին Ռուբեն Վարդանյանն է, որին «Մոսկվայից ուղարկել են հստակ օրակարգով» և «որի գրպաններում ռուս ժողովրդից գողացված միլիարդավոր գումարներ կան»:
Զավեշտն այն է, որ գողացված փողերից խոսում է ամենակոռումպացված ու բռնապետական երկրներից մեկի ղեկավարը, որի ընտանիքի անդամները, մերձավոր շրջապատը տիրապետում են հանցավոր ծագում ունեցող միլիարդավոր գումարների հասնող ակտիվների:
Մենք կարևորում ենք Ռուբեն Վարդանյանի նշանակումը Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնում, շնորհավորում նրան, մաղթում աշխատանքային ակտիվ գործունեություն ի փառս Արցախի: Ռուբեն Վարդանյանի նշանակումը վառ օրինակ է նրա, որ Սփյուռքում կայացած մեր հայրենակիցը ներգրավվում է երկրի կառավարմանը` նոր լիցք հաղորդելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանը:
Գտնում ենք, որ Հայաստանի իշխանությունները, քաղաքական ուժերը պարտավոր են աջակցել Ռուբեն Վարդանյանին, մենակ չթողնել ձեռնարկներում, որպեսզի հնարավորինս պաշտպանված լինի Արցախը, չվտանգվի տասնամյակների ընթացքում ձևավորված նրա փաստացի անկախությունը, արցախահայությունը հույսով ու հավատով լցվի ապագայի նկատմամբ:
Սա է պահանջում մեր ազգային շահը»: