Սա փաստ է, որը քննչականը չի կարողանում հերքել. մանրամասներ Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքից

Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը բաղկացած է երկու դրվագից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանը:

«Առաջին դրվագը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման օպերացիային: Երկրորդ դրվագը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում տեղի ունեցած, այսպես ասած՝ հակառակորդի հարձակման հետևանքով՝ կորուստներին:

Հակահարձակման օպերացիայի հետ կաված մեղադրանքը մի քանի տարրեր է պարունակում: Դրանցից մեկն այն է, որ Ջալալ Հարությունյանի կողմից նախաձեռնվել է հակահարձակման օպերացիա, այն պայմաններում, երբ ուժերի հարաբերակցությունը եղել է մեկը՝ հինգին, հօգուտ հակառակորդի: Այսինքն առերևույթ մենք հնարավորություն չենք ունեցել հաջողությամբ պսակելու այդ հակահարձակումը, և իբր հակառակորդի ուժերի այդպիսի առավելության պայմաններում նման գործողությունը հակասում էր մեր գործող իրավական նորմատիվ ակտերին»,-նշեց նա:

Հարությունյանի պաշտպանի խոսքով՝ նոյեմբերի 7-ին կատարված հակահարձակման օպերացիան եղել է մի գործողություն, որը նախատեսված է եղել համապատասխան փաստաթղթերով:

«Դեռևս տարիներ առաջ մեր ռազմական ոլորտի փորձագետներն ունեցել են հաստատված փաստաթղթեր, որի համաձայն հակառակորդի կողմից հարավային հատվածում, այսինքն Արաքսի հատվածում առաջխաղացում ունենալու դեպքում մեր քայլը պետք է լիներ հակահարձակումը: Այսինքն այս քայլը նախապես ծրագրավորված, այսպես ասած՝ համապատասխան փաստաթղթերով եկած քայլ է եղել; Երբ որ այդ ծրագիրը կազմվել է նույն այդ ժամանակահատվածում եղել են տվյալներ հակառակորդի ուժային առավելությունների մասին: Ընդհանուր առմամբ մեկը՝ երկուսի, չորսի հարաբերակցությամբ: Այսինքն մեր պետությունն այս ոլորտում ունեցել է քաղաքականություն, որ հակառակորդի երկուսը, չորսի հարաբերակցության պայմաններում հարավային հատվածում ներթափանցելու դեպքում պետք է կատարվի հակահարված և թշնամու թիկունքի աջակցությունը կտվի: Ջալալ Հարությունյանն ինքն իրենից չի հնարել, այս փաստաթղթին հասանելիություն ունեցող անձանց կողմից, այս հարցը բարձրացվել է, որ ժամանակն է կատարել հակահարվածը, և այդ ժամանակվա տվյալները, որն ունեցել է գեներալ-լեյտենանտը եղել է այն, ինչ որ եղել է մինչ այդ գծագրերը կազմելիս, այսինքն՝ մեկը՝ երկուսի, չորսի հարաբերակցությունն է եղել:

Հիմա պատկերացրեք՝ պատերազմն ավարտվում է, դրանից ամիսներ հետո փորձագետներն հաշվարկներ են անում, ասում են՝ մեկը՝ հինգի հարաբերակցություն է եղել, դա շատ վիճելի է, որ այս փորձագետները ճշգրիտ հաշվարկներ են ստացել, բայց նույնիսկ եթե ենթադրենք, որ ճիշտ է, մենք ինչպե՞ս ենք մեղադրում հոկտեմբերի 7-ի գործողության համար, անձին այնպիսի տվյալով, որը կարող էր հասու լինել ամիսներ անց»-նշում է պաշտպանը:

Արսեն Սարդարյանի խոսքով՝ հարձակման կոնկրետ ուղղությամբ հակառակորդը չի ունեցել առավելություն:

«Դա վերաբերում է ընդհանուր ուժերի հարաբերակցությանը, այսինքն՝ մեր ուժերի և հակառակորդի ուժերի: Բայց խոսքը գնում է կոնկրետ ուղղությամբ՝ Հորադիս-Ջրական մայրուղու ուղղությամբ, հակահարված կազմակերպելուն: Այս ուղղությամբ մենք ունեցել ենք հետախուզական տվյալներ, կատարվել է անհրաժեշտ ուսումնասիրություններ և այդ արդյունքներով հստակ տվյալներ է ունեցել հրամանատարը, այսինքն բանակը: Մենք հստակ տվյալներ ենք ունեցել, որ ունենք առավելություն, այսինքն՝ մեր ռեզերվային ուժերը, որոնք կարող էին ներգրավել այդ օպերացիային մի քանի անգամ ավելի ուժեղ են, քանի հակառակորդի այն ուժերը, որոնք այդ տարածքում տեղակայված էին: Պատահական չէ, որ այս հակահարձակումը իրականում ունեցել է բավականին լավ արդյունքներ: Այսօր ներկայացնում են, թե կորուստներ է եղել, հաջողությամբ չի պսակվել, ան որ օպերացիայի ընթացքում հակառակորդը մեզնից մի քանի անգամ ավել կորուստներ է կրել սա փաստ է, որը քննչականը չի կարողանում հերքել: Այսինքն մեր ինֆորմացիայի բոլոր աղբյուրները, այդ թվում այդ ռազմական գործողություններին մասնակցած անձանց հարցաքննություններում և բոլոր փաստերով երևում է, որ հակառակորդը հարյուրավոր զոհեր է ունեցել այդ օպերացիայի ժամանակ: Կա շատ այլ դրական կողմ, մենք այդ հակահարձակման ժամանակ կարողացել ենք շրջափակումից հանել 16 հայ զինվորի, որոնք օրեր շարունակել եղել են առանց սննդի և կապի միջոցի: Նրանց գերության մեջ ընկնելու հարցը եղել է ժամերի, օրերի հարց: Այս փաստն էլ քննչականը չի կարող հերքել, այդ զինվորների անուններն իրենց ձեռքի տակ են»,-ասում է փաստաբանը:

Ջալալ Հարությունյանի պաշտպանը նշում է, որ այդ օպերացիայի շրջանակներում ունեցել են հակառակորդի զինտեխնիկայի գրավում: Յուրային ուժերը հասել են Հորադիս-Ջրական մայրուղուն և մնացել է այնտեղ ամրանալը, ինչը չի կատարվել:

«Չի կատարվել տարբեր պատճառներով: Չեմ ուզում անուններ նշել, բայց հրամանատարական կազմում ունեցել ենք առանցքային կարևոր հրամանատար, որը տեղ չի հասել և դա պայմանավորված է եղել զրահատեխնիկայի խափանմամբ, իրենց կողմից այդպես է ներկայացվում, չնախատեսած խափանում է եղել, այսինքն՝ չի խոցվել, որևէ արտառոց բան չի եղել, բայց տեղ չի հասել, ինչի հետևանքով այնտեղ տեղում իրականացվող կազմակերպչական աշխատանքները խիստ տուժել են դրանից: Օրինակ՝ սա ինչպես կարելի է կապել ընդհանուր բանակի հրամանատարի գործողությունների հետ: Աջակողմյան հատվածում մենք ունեցել ենք 3 զոհ, իսկ հակառակորդը՝ 100-150 զոհ: Առաջին մարտի ժամանակ  հակառակորդի 150 դիակ է փռվել, դա հաշվարկվել է, դա ևս ոչ ոք չի հերքում: Հետագա մարտերի ընթացքոմ աջ կողմի առաջխաղացումը կանգնել է, ընդ որում հրամանատարից թույլտվություն չի եղել կանգնելու, իրենք, համաձայն օպերացիայի՝ պետք է շարժվեին առաջ: Ներկայացվել են խնդիրներ, թե իբր տեխնիկայի խափանման հետ կապված խնդիրներ կան, որոշ մասը չի աշխատում: Ուշադրություն դարձրեք. ոչ թե հակառակորդն է խոցել, այլ չի հասնում տեղ: Հիմա մեղադրանքում գրում են, ասում են՝ Ջալալ Հարությունյանը նախապես չի ստուգել զրահատեխնիկայի վիճակը: Հարգելիներս, բանակի հրամանատա՞րը պետք է գնա հատ-հատ ստուգի զրահատեխնիկան: Պետք է վարի՝ համոզվելու համար, որ սարքին է: Օպերացիայից անմիջապես առաջ ներկայացվել է, որ բոլոր տեխնիկաները 99 տոկոսից ավելի պատրաստի վիճակում են, այդ տվյալները կան,-նշեց Արսեն Սարդարյանը:

Նա ընդգծեց, որ վարույթն իրականացնող մարմինը չի կարողանում հերքել պաշտպանական կողմի ներկայացրած որևէ փաստարկ. «Մենք ունենք զոհեր, բնական է, որ օպերացիայի ժամանակ լինում են նաև զոհեր: Այս մասով վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ անփութություն է դրսևորվել Ջալալ Հարությունյանի կողմից: Եթե ներքին օղակներում կազմակերպվածությունն ավելի բարձր լիներ, ինչի համար Հարությունյանը միանշանակ պատասխանատու չի, սա կարող էր բեկում մտցնել պատերազմի մեջ: Այս օպերացիային ամենաբարձր մակարդակներում հավանություն է տրվել»:

Պաշտպանը հրապարակեց Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքից որոշ կետեր:

«Գրվում է, որ հարձակման ժամանակ հաշվի չի առնվել, որ հակաօդային պաշտպանություն բավարար չափով չունենք, բայց պետք է ուշադրություն հրավիրեմ այն փաստի վրա, որ հոկտեմբերի 7-ի դրությամբ դեռևս ունեցել ենք համապատասխան քանակի հակաօդային հարձակման տեխնիկա, որն ուղեկցել է հարձակման գործողություններին: Այդ օրը հակառակորդի 15 անօդաչու է խոցվել և սա արդեն ցույց է տալիս, որ մենք այդ ոլորտում ունեցել ենք ներգրավված բավականին լուրջ սպառազինություն:

Մեղադրանքում գրվել է, որ գիշերային պայմանները չի օգտագործվել: Ինչպե՞ս օգտագործվեր գիշերային պայմանները, եթե մեր զրահատեխնիկան չունի գիշերային համապատասխան հագեցված տեխնիկա, որ կարողանա գիշերային պայմաններում մարտ վարի: Գիշերն այդ տեխնիկան, որ օգտագործվեր, լույսերը վառվեր կդառնային շատ հարմար թիրախ: Հրամանատարը ճիշտ է կողմնորոշվել, որ հենց լուսաբացին է սկսել գործողությունը:

Մեղադրանքում նշվում է, որ երկու թևերում փոխհամագործակցությունը չի կազմակերպվել, նրանք ոչ ճիշտ ժամանակագրական պահերին են մարտի մեջ մտել: Նախ՝ այս հաշվարկն արել է Գլխավոր շտաբը, երկրորդը՝ շատ ճիշտ հաշվարկ է եղել, թե երկու թևերը երբ պետք է ելման կետից դուրս գան, որ ճիշտ պահին սկսեն ռազմական գործողությունները, ինչ-որ պահից աջ թևը առաջ չի եկել:

Նախ այն մասին, թե ինչպես է եղել, որ «նահանջ» հրաման է տվել: Ձախակողմյան թևը՝ հասած է եղել Հորադիս-Ջրական, այնտեղ պետք է եղել տեխնիկան ամրացնել և այդ դիրքերը վերցնել: Բայց տեղում դա չի կազմակերպվել, որոշ ժամանակ հետո դիմել են հրամանատարին, ասել են՝ զորքի մարտունակ ոգին ընկած է և նպատակահարմար է նահանջել և համապատասխան հրամանատարի զեկույցի հիման վրա թույլ է տրվել, որ նահանջ լինի, նաև՝ հաշվի առնելով, որ աջակողմյան թևն առաջ չի գնում: Այդ նահանջից հետո ՊԲ հրամանատարի կողմից հրաման է տրվել՝ առողջ, արագաշարժ տեխնիկայից խմբավորումներ կազմել և ռեյդային հարձակումներ անել: Ռեյդային հարձակումն այն է, երբ որ թշնամուն հանկարծակի գտնում են իր տարածքում և խփում, ոչնչացնում են: Այդ հրամանի վերաբերյալ հակափաստարկներ է ներկայացվել, որ մարտական ոգին բավարար մակարդակի վրա չէ, խնդրում ենք այդ հրամանից ազատել և այդ հրամանից ազատել է ՊԲ հրամանատարը»,-նշեց նա:

Փաստաբանը նշեց, որ իր ներկայացրած փաստարկները վերաբերում էին Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի առաջին դրվագին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Ջալալ Հարությունյանի նկատմամբ` ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Այդ հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով:

2020 թվականի հոկտեմբերի 11-ին N զորամասի հրետանային դիվիզիոնը կրակային դիրք է զբաղեցրել Վարանդայի շրջանի Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում: Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, նշված կրակային դիրքից շուրջ 1 կմ առաջ՝ բլրի վրա, տեղակայված դիվիզիոնի հրամանատարական դիտակետից դիտարկվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ դեպի կրակային դիրքի ուղղությամբ, որոնց մեջ նկատվել են նաեւ ՀՀ ԶՈՒ համազգեստ կրող անձինք:

Հրամանատարական դիտակետում գտնվող դիվիզիոնի հրամանատարը, տեսնելով նշված խմբավորմանը եւ կասկածելով հակառակորդի դիվերսիոն խումբ լինելու մեջ, անմիջապես ռադիոկապի միջոցով իր ենթակա անձնակազմին հրամայել է թողնել կրակային դիրքը, որից հետո դուրս է եկել դիտակետից եւ շտապել իր անձնակազմի մոտ: Այդ ընթացքում զորամասի հրետանու պետը մոտեցող խմբավորման մասին ռադիոկապով զեկուցել է բանակի հրետանու բաժին եւ խնդրել ճշտել նրանց պատկանելությունը: Հրետանու բաժնից այդ տեղեկությունը փոխացնվել է հրամանատարական կետում գտնվող գնդապետ Գ.Բ-ին, ով իր հերթին այդ մասին զեկուցել է գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ին։ Վերջինս համակողմանի չի ուսումնասիրել, մշակել, դասակարգել հավաստիության աստիճանով իրադրության մասին ստացված տեղեկատվությունը, չի համադրել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունների հետ, լրացուցիչ հետախուզություն չի կազմակերպել, իրադրության տվյալների վերլուծություն եւ գնահատման արդյունքում ամբողջական ու հիմնավորված եզրահանգումներ չի կատարել, համապատասխան ծառայությունների սպաների հետ ստացված տեղեկությունը չի քննարկել, իր աշխատանքային քարտեզները չի ուսումնասիրել, սակայն առանց հիմնավորման նշել է, որ տվյալ խմբավորումը յուրային է, ինչը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին:

Այդ ընթացքում՝ մինչեւ խորացված հրամանատարական կետից տեղեկություն ստանալը, կրակային դիրքերի անձնակազմը պատրաստվել է թողնել այն, մոտեցրել են մեքենաները եւ սկսել հավաքել իրերը: Հրետանու շտաբից առաջ շարժվող խմբի յուրային լինելու վերաբերյալ տեղեկությունը N զորամասի հրետանու պետին փոխանցելուց հետո վերջինիս ցուցումով դիվիզիոնը կրկին մնացել է կրակային դիրքում եւ շարունակել ծառայությունը, մեքենաները վերադարձրել են նախկին կայանման վայրեր: Դիվիզիոնի հրամանատարը կասկածանքով է վերաբերվել ստացված տեղեկությանը եւ խնդրել է եւս մեկ անգամ իր ներկայությամբ հստակեցնել նկատված խմբավորման պատկանելությունը, ինչից հետո կրկին ռադիոկապով համապատասխան հրամանատարական օղակների միջոցով տեղեկությունը հստակեցնելու լրացուցիչ խնդրանքով զեկուցվել է գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ին։

Վերջինս, այս անգամ մոտենալով աշխատանքային քարտեզին, օպերատիվ եւ հետախուզության բաժինների սպաների հետ միասին քննարկում է կատարել, որից հետո, առանց հստակեցնելու մոտեցող անձնակազմի պատկանելությունը, քարտեզներում չունենալով որեւէ տեղեկատվություն տվյալ շրջանում համազորային ստորաբաժանումների տեղաշարժի վերաբերյալ, հայտնել է, որ խմբավորումը յուրային է, որը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին:

Վերադառնալով դիվիզիոնի հրամանատարական դիտակետ՝ դիվիզիոնի հրամանատարը շարունակել է կասկածել մոտեցող խմբավորման յուրային լինելու վերաբերյալ ստացված տեղեկատվությանը եւ շարունակել դիտարկումը: Մի քանի րոպե անց հակառակորդի դիվերսիոն խումբը շրջանցել է հրամանատարական դիտակետը եւ առաջ շարժվել դեպի կրակային դիրքերի ուղղությամբ: Դիվիզիոնի հրամանատարը շուրջ 500 մետրից հավաստիացել է մոտեցող խմբի ոչ յուրային լինելու մեջ եւ կարգրադրել լքել կրակային դիրքը, սակայն գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ի կողմից սխալ տեղեկություններ փոխանցելու եւ դրանով պայմանավորված՝ ժամանակավրեպ հրաման արձակելու հետեւանքով հակառակորդն արդեն դուրս է եկել 1-ին մարտկոցի կրակային դիրքի առջեւի հողաթմբի վրա եւ շուրջ 400 մետր հեռավորությունից հրաձգային զենքերից եւ նռնականետերից կրակ արձակել 1-ին մարտկոցի անձնակազմի եւ մեքենաների ուղղությամբ: 2-րդ մարտկոցի անձնակազմը, մոտ լինելով ճանապարհին, մարտ վարելով եւ կրելով 3 վիրավոր, հասցրել է դուրս գալ կրակային դիրքից՝ այնտեղ թողնելով հրանոթները եւ այլ նյութական միջոցները, մինչդեռ 1-ին մարտկոցը հայտնվել է անմիջապես հակառակորդի թիրախում, առկա միջոցներով մարտ է վարել եւ փորձել է դուրս գալ կրակային դիրքից, որի հետեւանքով ուժերի եւ միջոցների անհավասար մարտում զոհվել են մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, հրետանու պետ, փոխգնդապետ Ն.Հ-ի գտնվելու վայրը մինչեւ օրս անհայտ է, Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում N զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատարական դիտակետը եւ զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ, այդ թվում՝ դիրքերում մնացել են թվով 8 հատ Դ-20 հրանոթները, թվով 4 հատ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, մեծաքանակ զենք-զինամթերքը, այդ թվում՝ հրանոթի արկերը, հրամանատարական դիտակետում եւ մարտկոցներում պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը, հակառակորդը ստացել է տարածքային եւ ռազմավարական առավելություն տվյալ շրջանում, այն է՝ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, հակառակորդի նշված դիվերսիոն խումբն առանց խոչընդոտների հասել եւ վերահսկողության տակ է վերցրել N զորամասի մշտական տեղակայման վայրը:Հ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել