Վարչապետն ընդունել է ուկրաինահայ մի խումբ գործարարների

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ուկրաինահայ մի խումբ գործարարների: Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանը, Համբարձում Մաթևոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, ինչպես նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը: 

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը հույս է հայտնել, որ այսօրվա քննարկման արդյունքում գործարարների ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում ավելի գործնական կդառնա: «Տեղյակ եք երևի, որ, բարեբախտաբար, այս տարի Հայաստանում աննախադեպ բարձր տնտեսական արդյունքներ են արձանագրվել, բայց դա չի նշանակում, որ խնդիրներ չունենք: Մեր տնտեսական բնույթի խնդիրներից կարևորագույնն այն է, ինչ մասին մենք մի քանի անգամ խոսել ենք: Այսօր, ցավոք, կապիտալ ծախսերի մեր ծրագրերը չենք կարողանում լիարժեք իրականացնել մի պարզ պատճառով՝ Հայաստանում մասնավոր հատվածի կարողություններն այնքան զարգացած չեն, որպեսզի նրանք  կարողանան, այսպես ասած, իրացնել այն ամբողջ պոտենցիալը, որ մենք առաջարկում ենք: Խոսքը  ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, պետական նշանակության  այլ օբյեկտների կառուցման մասին է, և ես կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա:

Հաջորդը՝ կարծում եմ, որ իհարկե շատ բարդ աշխարհքաղաքական և միջազգային վիճակում ենք գտնվում, ամբողջ աշխարհը, և ինչպես տեսնում ենք, այդտեղ ունենք սպառնալիքներ, մարտահրավերներ, բայց մյուս կողմից նաև ունենք հնարավորություններ, այդ թվում՝ ներդրումային: Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքի վրա: Իսկ թե որ ուղղություններն են ավելի հեռանկարային և հետաքրքիր ձեզ համար, թերևս դուք ավելի լավ կարող եք որոշել:

Միայն մի արձանագրում կարող եմ անել, ինչի մասին թերևս լսել եք, որ Հայաստանի Հանրապետությունն ընդհամենը երկու ամիս առաջ հրապարակված Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհում, ինչը նշանակում է, որ աշխարհի 165 երկրների շարքում ներդրումային և տնտեսական գործունեության ազատության առումով Հայաստանը 11-րդ հորիզոնականում է: Սա ի՞նչ է նշանակում. սա նշանակում է, որ Հայաստանում տնտեսական գործունեության որևէ արգելք և սահմանափակում չկա, սա նշանակում է, որ որևէ մեկին ալգերված չէ որևէ բան արտահանել կամ ներմուծել, և իհարկե, արգելքները կամ սահմանափակումները վերաբերվում են միայն նրան, ինչ վերաբերվում է բոլորին: Նկատի ունեմ օրենսդրական որոշակի կարգավորումներ և  այդպես շարունակ: Իհարկե Հայաստանի պարագայում կան նաև լոգիստիկ որոշակի բարդություններ, բայց դժվարությունների հետ առերեսվում են բոլորը և այստեղ այլընտրանքային մոտեցում ընդհանրապես չկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի տեղեկացրել է, որ Էկոնոմիկայի նախարարության ներքո գործում է Ներդրումների աջակցման կենտրոնը, որի հիմնական խնդիրն է՝ Հայաստանում ներդրումային հետաքրքրություն ցուցաբերող գործարարներին, տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերել: «Եվ մենք պատրաստ ենք լսել նաև ձեր կարծիքները, տպավորությունները, գուցե նաև ինչ-որ խոչընդոտների կամ դժվարությունների մասին, որոնց հետ առերեսվել եք Հայաստանում: Հետաքրքիր կլինի, իհարկե, իմանալ այդպիսի դեպքերի մասին և բոլոր այն դեպքերում, երբ կտեսնենք, որ լուծումներ հնարավոր են՝ լուծումներ կտանք: Կարող են լինել նաև օբյեկտիվ դժվարություններ, որոնց լուծումն իրատեսական չէ, բայց ամեն դեպքում ամբողջական տեղեկատվություն ունենալը մեզ համար շատ կարևոր է հետագա գործունեության մեջ հաշվի առնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետը և հանդիպմանը մասնակից կառավարության մյուս անդամները պատասխանել են գործարարներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին և այլն: 

Վարչապետը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է՝ գործարարների հետ լինել մշտական կապի մեջ և կառավարության գործիքակազմերի շրջանակում օժանդակություն ցուցաբերել ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել