Գործող իշխանությունը նաև այսպես էր մաքրում ՆԳՆ ղեկավարության հանցագործության հետքերը. մեջբերում «Оборотни» գրքից

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ից հայտնում են.

«Պահեստազորի սպաների միության հրատարակման պատրաստվող գիրքը ոչ միայն անդրադարձ է կառույցի մեկուկես տարվա գործունեությանը, այլև ուշագրավ ընթերցում է ազգային անվտանգության ծառայության այն աշխատակիցների հուշերի, ովքեր համակարգում եղել են հանգուցային պաշտոնների: Այս մասին տեղեկանում ենք :

Ընթերցողի զրուցակիցը պահեստազորի գեներալ-լեյտենանտ Հրանտ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆՆ է ոստիկանության համազգեստի տակ գործած դարձվորների ու առհասարակ ժամանակաշրջանի մասին իր հիշողություններով:

«Оборотни»
1994 թվականն էր։ Անսպասելիորեն հրապարակվեց ԱԱՊՎ-ի գործունեությունը կասեցնելու ՀՀ նախագահի միանգամայն անհիմն, իմ կարծիքով հակասահմանադրական հրամանը: Ի դեպ` այդ փուլը բացառիկ լարված ժամանակահատված էր մեզ համար: Ոստիկանության մի շարք աշխատակիցներ գտնվում էին քննության տակ ու պահվում էին քննչական մեկուսարանում, շատերի նկատմամբ իրականացվում էին համալիր միջոցառումներ:
Աշխատանքներն ընթանում էին ամբողջ թափով, երբ հունվարին նոր ինֆորմացիա ստացվեց հանրապետությունում պատվիրված սպանություններ ու կողոպուտներ իրականացնող «դարձվորների» («оборотни») մասին։

Այդ հրոսակախմբերը գործում էին ՀՀ ոստիկանության հովանու ներքո: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցինք ինչպես հանցագործների ինքնությունը, այնպես էլ թաքնվելու վայրը, նրանց ձերբակալելու որոշում ընդունվեց։

Աշխատանքի ընթացքում ստացվեցին նաև լրացուցիչ տվյալներ, որ խումբը մասնակիորեն դուրս է եկել վերահսկողությունից և ինքնուրույնաբար է մայրաքաղաքում պլանավորում ու իրականացնում հանդուգն հանցագործություններ, սպանություններով զուգորդված կողոպուտներ: Դրանցից մեկում, մասնավորապես՝ սեփական բնակարանում, դաժանորեն սպանվել էր մեր գործընկերոջ քույրը: Տնից անհետացել էին բոլոր թանկարժեք իրերը, որոնք հանցագործները պահում էին իրենց թաքստավայրում: Ի դեպ՝ նշված հանցախումբը 1993-ի դեկտեմբերին մեկնել էր Մոսկվա` իրականացնելու Համաշխարհային համահայկական ասամբլեայի պրեզիդենտ, ներկայումս հանգուցյալ Սերժ Ջիլավյանի վրա ծրագրված մահափորձը, որն, անկախ նրանց կամքից, չէր հաջողվել իրականացնել:

Ահա աշխատանքային նման բուռն շրջանում հետևեց ազգային անվտանգության պետական վարչության փակումը։ Կառույցի այսօրինակ չեզոքացմամբ, ըստ էության, փակվում էր դեպի Ներքին գործերի նախարարության դարձվորներ տանող ճանապարհը:

ԱԱՊՎ-ի անդամալուծված վիճակը շարունակվեց երեք ամիս: Այն ի վերջո վերաբացվեց, սակայն ակնհայտ թերացումներով: Շատ պրոֆեսիոնալներ, որոնց թվում և ես, դուրս մնացինք համակարգից, փոխարենը ղեկավար պաշտոններում հայտնվեցին «փողոցից» եկած, ոչ կոմպետենտ մարդիկ։
Նկատի ունենալով գործող հանցախմբի առանձնակի վտանգավորությունը` պրոֆեսիոնալ պարտքս հուշում էր ամբիցիաներս դնել մի կողմ, ընդառաջ քայլ անել, գնալ նոր ղեկավարությունից հանդիպում խնդրելուն:

…Մեկ շաբաթ անց ԱԱՊՎ ղեկավարությունն այնուամենայնիվ իրեն թույլ տվեց ինձ ընդունել: Ես ներկայացրեցի հանցավոր խմբի առանձնակի վտանգավորությունը, արած հանցագործությունները, հանցախումբը կազմածների ինքնությունը, թաքնվելու վայրը: Չնայած ներկայացված տեղեկությանը, ցավոք, նրանց վնասազերծելու ուղղությամբ քայլեր չձեռնարկվեցին: Ակնհայտ էր դառնում, որ նման դիրքորոշման պայմաններում արդեն ինքս էի վերածվում թիրախի, ինչի մասին տարիներ անց խոստովանեց մի կարկառուն հհշական:

ԱԱՊՎ ղեկավարության հետ ունեցած այս հանդիպմանը հաջորդեցին բավականին ուշագրավ զարգացումներ: Որոշ ժամանակ անց «դարձվորներն» անհայտացան` կարծես չէին էլ եղել, գոյություն չէին էլ ունեցել: Միայն հավելեմ, որ տարիներ անց նրանց դիերը հայտնաբերվեցին աղբավայրում։ Գործող իշխանությունը նաև այսպես էր մաքրում ՆԳՆ ղեկավարության հանցագործության հետքերը։

Հ. Գ. Նոյեմբերի 10-ը Խորհրդային Միությունում ավանդաբար նշվում էր որպես միլիցիայի օր, որը ներկայիս Ռուսաստանում այսօր էլ է համարվում տոն: Իմ երբեմնի գործընկերները մեծ վաստակ են ունեցել հանցավոր տարրերի, բանդիտական կազմավորումների դեմ մղվող պայքարում, մարտնչել են երկրում կարգ ու կանոնի, օրինականության հաստատման համար: Օգտվելով առիթից` նախկին գործընկերներիս շնորհավորում եմ ունեցած փայլուն ծառայության կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, երկար տարիների կյանք, իսկ ովքեր չկան, կնքել են մահկանացուն, բարի հիշատակ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել