2023 թվականին նախարարների և վարչապետի աշխատավարձերը կբարձրանա. Թադևոս Ավետիսյան

Տեղին կլինի, որ հանրության համար ավելի պարզ լեզվով մի քանի դիտարկում անենք 2023 թվականի պետական բյուջեի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ֆինանսների նախարարի հետ միասին պետական բյուջեի նախագիծ են մշակել և բերել, որով առաջարկվում է 2023 թվականին նախարարների աշխատավարձերը բարձրացնել 142.000 դրամով, իրենց ղեկավարի՝ վարչապետի աշխատավարձը բարձրացնել 200.000 դրամով, իսկ աշխատող աղքատի աշխատավարձը բարձրացնել 7.000 դրամով: Այս թվերն արդեն խոսուն են, էլ ի՞նչ գնահատենք, ինչ որ խոսում են դրանք փաթեթավորումն են: Փաթեթի մեջ, որ բացեք, տեսնելու եք, որ վարչապետն իր աշխատավարձը բարձրացրել է 25 տոկոսով»,-ասաց պատգամավորը:

Ավետիսյանը նշեց, որ խոսվում է տնտեսական ակտիվությունից, որը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքն է. «Ժամանակավոր մի գործոն, որի հետ իրենք աղերս չունեն, այդ գործոնով տնտեսությունն աճում է, իրենք այդ հենքի վրա պլանավորում են հաջորդ տարվա բյուջեն»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ2023 թվականին նույնպես նախատեսվում է թոշակների բարձրացում, նվազագույն աշխատավարձի բարձրացում, նախատեսվում է բազային աշխատավարձի բարձրացում, որի հետևանքով կբարձրանա հանրային ծառայողների աշխատավարձը:

«Մենք նախատեսում ենք բարձրացնել բազային աշխատավարձը, որի հետևանքով պետական հանրային ծաայողների աշխատավարձերը կբարձրանան, բայց նվազեցնելու ենք պարգևավճարների ֆոնդը, ոչ նույն չափով, բայց այնպես է ստացվելու, որ 10 տոկոսով պետական հատվածի աշխատողների աշխատավարձերը կբարձրանա: Մենք պարգևավճարների ինստիտուտը սահուն կերպով փոխարինում ենք աշխատավարձերի բարձրացման տարբերակով: Կգա մի պահ, որ պարգևավճարների ֆոնդը կշարունակի մնալ, բայց դա կլինի իրական, արպես պարգևավճարի տրամաբանությանը համապատասխանող գործիք: Այսինքն մոտիվացման համար, ըստ աշխատանքի կատարման արդյունքների»,-նշեց Բաբկեն Թունյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել