Ադրբեջանական սադրանքներն Արցախի մի քանի ուղղություններում տարբեր դրսևորումներ են ստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Եթե նախորդ շաբաթ դրանք հիմնականում դրսևորվում էին Ասկերանի շրջանի ուղղությամբ, ապա նախօրեին իրենց արձանագրումն են ստացել Ամարասի հովտում. ադրբեջանցիներն անկանոն կրակահերթեր են արձակել դաշտում/այգում աշխատող քաղաքացիական անձանց նկատմամբ։
Սրան զուգահեռ, Ադրբեջանն արդեն մի քանի օր է ապատեղեկատվություն է տարածում հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ և որպես ուղղություն նշում Արցախի այն հատվածները, որտեղ հենց ինքն է սադրանքներ իրականացրել։
Հայաստանի ուղղությամբ ևս Ադրբեջանն առանձնապես պասիվ չէ և նրա ակտիվությունը դրսևորվում է ինչպես բռնազավթված հատվածներում ամրաշինական աշխատանքներով, այնպես էլ՝ հրադադարի ռեժիմի խախտումներով և տեղային շարժերով։
Այս քայլերով Ադրբեջանն աստիճանաբար բարձրացնում է լարվածության աստիճանը և դեռ պարզ չի, թե սա ինչ վերջնական հետևանքների կբերի։
Իսկ ի՞նչ է անում ստեղծված իրադրության պայմաններում Հայաստանի իշխանությունը՝ դատարկաբանություն, խոստումներ, անիմաստ ծախսեր և ոչինչ չտվող պլանավորումներ»,-նշել է նա։