Բոլորը գիտեն, որ ոչ սթափ վիճակում մեքենա վարելն անթույլատրելի է: Հին ու փորձված ասույթ կա` «Խմած վարորդը պոտենցիալ հանցագործ է»: Բայց արի ու տես, որ ամեն անգամ, ասենք` մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն իրականացնելիս, շաբաթվա կտրվածքով, հայտնաբերվում է 100-ից ավելի ոչ սթափ վարորդ, նաև այն աստիճանի ոչ սթափ, որ դժվարությամբ են կանգնում ոտքի վրա: Կոպիտ խախտում է նաև լուսակրի կարմիր լույսի անտեսումը: Ամեն օր կարելի է կրկնել, որ հենց արագության գերազանցումն է հանգեցնում ամենածանր հետևանքների:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Իրավունքների գերակայության մեր դարում պետք է չմոռանալ պատասխանատվության մասին: Վստահաբար կարող ենք ասել, որ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը հնարավոր է հասցնել նվազագույնի միայն վարորդների և հետիոտների պատասխանատվությունը բարձրացնելու միջոցով: Եվ այս հարցում կարևոր է քարոզչությունը: Իհարկե, քաղաքակիրթ, գիտակից վարորդը տեսնում, լսում, ընկալում ու հասկանում է: Բայց, ցավոք, բոլորը չեն գիտակից:
Մեծ վերապահումով ասենք, որ խորհրդային կամ հետխորհրդային տարիներին կարելի էր մատների արանքով նայել վարչարարությանը. մեքենաները քիչ էին, մեքենա վարում էին քչերը, հետևաբար և պատահարներն էին քիչ: Ճիշտ է, կոռուպցիոն ռիսկեր կային, սակայն խնդիրն անվտանգային չէր: Այսօր պատկերը լրիվ այլ է: Մեծ քաղաքները խեղդվում են մեքենաների առատությունից, իսկ պատահարների վիճակագրությունը, մեղմ ասած` մտահոգիչ է: Ամիս է լինում, երբ միայն զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի, ընդ որում՝ նրանց մեծ մասը երիտասարդներ են: Ուստի երթևեկության մասնակիցների կարգապահությունն այսօր դարձել է անվտանգային լուրջ, կենսական խնդիր, որի լուծումը պահանջում է կտրուկ, երբեմն էլ կոշտ միջոցներ: Հարկավոր է հարցին մոտենալ ոչ միայն որպես կոռուպցիոն ռիսկ, այլև` անվտանգություն:
Առաջին հերթին պետք է վերացնել ոմանց մեջ ձևավորված անպատժելիության զգացողությունը: Եվ սա այն հարցն է, որ այսօր լուծում է նաև պարեկային ծառայությունը:
Այսօր հանրապետության ամենախոշոր երեք քաղաքներում, նաև Շիրակի և Լոռու մարզերում ճանապարհային երթևեկությունը կարգավորում և հսկում են պարեկները, որոնց բարեխիղճ և անկաշառ աշխատանքից է նաև կախված անպատժելիության մթնոլորտը ցրելը և կարգուկանոն հաստատելը: Այս ոչ լրիվ տարվա ընթացքում մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են կաշառք տալու՝ 18, Գյումրիում և Վանաձորում` երեքական դեպք, որոնց կապակցությամբ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ: Սրանք այն դեպքերն են, երբ վարորդները փորձել են խուսափել կոպիտ խախտման համար պատասխանատվությունից և հարցը լուծել կաշառելով: Չի ստացվել: Ուզում ենք համոզված ասել, որ չի էլ ստացվի: Ոստիկանության մոտեցումը հստակ է` օրինախախտը, կարգազանցը պետք է պատժվի․ օրենքով նախատեսված դեպքերում՝ զրկվի մեքենա վարելու իրավունքից կամ ենթարկվի ավելի խիստ պատժի։ Այս մոտեցման անվերապահ կատարումը կլուծի ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրը: Անգիտակից վարորդը կամ պետք է դառնա հետիոտն կամ գիտակցի և ուղղվի:
Սակայն իներցիան շարունակվում է, որոշ վարորդներ դեռ դիմում են զարտուղի միջոցների, բայց հայտնվում ավելի ծանր վիճակում, ավելի ճիշտ` կարգավիճակում: Այդպիսի երեք դեպք արձանագրվել է վերջերս:
Նոյեմբերի 9-ին, գիշերվա ժամը երկուսին մոտ, մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում ծառայող պարեկները կանգնեցրել են 57-ամյա մի երևանցու վարած «Նիսանը»: Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը պարեկներին առաջարկել է 40 հազար դրամ կաշառք, և որպես հետևանք` ինքը տեղափոխվել ոստիկանության բաժին, իսկ կազմած փաստաթղթերը փոխանցվել են հակակոռուպցիոն կոմիտե:
Նոյեմբերի 13-ին, ժամը 18.30-ին, Շիրակի մարզի պարեկները Գյումրու Վարդանանց հրապարակում ՃԵԿ խախտում կատարելու համար կանգնեցրել են Հայկավան գյուղի 24-ամյա մի բնակչի վարած «Օպելը»: Վարորդն առաջարկել է հինգ հազար դրամ կաշառք ու տեղափոխվել ոստիկանության բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նման մի դեպք էլ արձանագրել են Լոռու պարեկները: Սեպտեմբերի 30-ի ուշ երեկոյան Վանաձորի Բաղրամյան փողոցում խախտում կատարելու համար նրանք կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Արմավիրի մարզի 34-ամյա բնակիչը տեղեկանալով, որ կազմվելու է արձանագրություն և մեքենան տեղափոխվելու է պահպանվող հատուկ տարածք, պարեկներին առաջարկել է 20 հազար դրամ կաշառք: Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե:
Հետևությունները թողնում ենք ձեզ: Նաև հորդորում ենք` լինել գիտակից, անվերապահորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, դրանով իսկ նպաստել մեր բոլորի անվտանգությանը: Իսկ պարեկային ծառայությունը գործունեության առաջին օրվանից հավատարիմ է որդեգրած սկզբունքին՝ բացառել կոռուպցիոն ռիսկերը։
Մաղթում ենք բոլորին անվտանգ երթևեկ: