Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունը իրականացնել Լեռնային Ղարաբաղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում: Ըստ հաղորդագրության՝ պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում: Նշվում է նաև, որ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացրել է, որ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի 36-ամյա բնակիչը նոյեմբերի 16-ի ժամը 14:30-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր շուկայի բաժանմունք է դիմել առ այն, որ ժամը 11:40-ի սահմաններում Ամարասի հովտում գտնվող Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքից հրաձգային տարբեր զինատեսակներից անկանոն կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ։
Ըստ աղբյուրի՝ հրադադարի ռեժիմի խախտման պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
«Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։
Դեպքի մասին ոստիկանությունը տեղեկացրել և համապատասխան նյութեր է տրամադրել ռուսական խաղաղապահ զորակազմին»,- հայտնել է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը՝ հավելելով, որ ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։