«Ընդդիմությունն անընդհատ խոսում է գնաճի մասին: Այո, որևէ մեկը չի ժխտում, և պիտի արձանագրենք նաև, որ գնաճը գլոբալ երևույթ է»,-ԱԺ-ի իր եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանը համեմատած շատ երկրների հետ ունի գնաճի շատ ավելի ցածր մակարդակ:
«Բայց ես ուզում եմ նաև ընդգծել, թե մարդն ինչպե՞ս պետք է գնաճի դեմ պայքարի՝ եկամուտների աճով, աշխատավարձի աճով: Պիտի նորից ընդգծեմ, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է 143 000 նոր աշխատատեղ, ընդ որում՝ 2022 թվականի սեպտեմբերի տվյալներով 73 տոկոսով աճել է աշխատավարձի ֆոնդը երկրում և 46.1 տոկոսով աճել է միջին աշխատավարձը: Սա շատ կարևոր է: Այսինքն՝ գնաճի մասին մենք խոսում ենք, պետք է մարդկանց եկամուտների աճը նույնպես ընդգծենք»,-նշել է նա:
Փաշինյանը ասել է նաև, որ 2018 թվականի նկատմամբ առողջապահության բյուջեն 2023 թվականին աճում է 87 տոկոսով:
«Պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների բուժաշխատողերի աշխատավարձը կավելանա, միջինը՝ 40 000 դրամ, որը 20-23 տոկոս է: Բայց այս աշխատավարձային քաղաքականության մեջ, սկսած՝ զինված ուժերից, շարունակած առողջապահությունով, մեզ համար կարևոր է զուգահեռ որակից նոր ստանդարտների սահմանումը: Այսինքն՝ մենք ճիշտ չենք համարում աշխատավարձերի ուղղակի բարձրացում՝ առանց որակական նոր չափանիշների և ստանդարտների սահմանման»,-ասել է նա: