Մենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել․ Նիկոլ Փաշինյան

Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ «Վալդայ» քննակումների ակումբում արած հայտարարությունը շատ կարևոր էր և էական, որպեսզի մենք մի շարք հարցեր պարզաբանենք և արձանագրենք, որ առնվազն Հայաստանի քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով համարյա կոնսեսուսային վիճակ է, ԱԺ-ում ՀՀ 2023թ. պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ունեցած իր եզրափակիչ ելույթի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ հիշեցնել, թե ինչի մասին էր գնում խոսակցությունը: Նրա մասին էր, թե Հայաստանի կառավարությունն ի՞նչ վերաբերմունք ունի Ռուսաստանի Դաշնության առաջարկների վերաբերյալ: Եվ այդ առաջարկի էությունը, ինչպես հետագայում բացահայտվեց, հետևյալն էր. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգել: Այն ժամանակ, երբ այս հարցդրումն արվեց ռուսական առաջարկների վերաբերյալ, կառավարությունը, իհարկե, շատ արագ արձագանքեց, բայց և՛ ընդդիմության դաշտում, և՛ Լեռնային Ղարաբաղում եղան դրսևորումներ, հայտարարություններ, որոնք կառավարությունից պահանջում էին ընդունել ռուսական առաջարկները»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Կառավարությունը շատ վաղուց՝ դեռևս 2021 թվականի հունվարից այդ պայմանավորվածությունն ընդունել է, դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով․ «Եվ ես շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, որ թեման, այնուամենայնիվ, պազաբանելու հնարավորությունը մեզ համար ընձեռեց: Եվ եթե մեր կառավարության դիրքորոշումը «խուսափողական» է, ըստ էության, այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել: Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը, իրենք էլ գուցե վստահ չլինելով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել – ինչո՞ւ եմ ասում վստահ չլինելով, որովհետև Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ ես շատ վաղուցվանից այդ դիրքորոշումը կիսել էի, և պիտի որ այնտեղ այդ տեղեկատվությունն արձանագրված լիներ: Եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է և համարում է, որ Հայաստանը պետք է մերժի Ռուսաստանի առաջարկները, ճիշտ կլինի, որ նրանք դրա մասին բարձրաձայն հայտարարեն»:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը Վաշինգտոնում ադրբեջանական կողմին է փոխանցել մեկնաբանությունները և առաջարկները, ըստ էության՝ խաղաղության պայմանագրին վերաբերող հայկական կողմի տեքստը, և սպասում է Ադրբեջանի արձագանքներին:

«Այդ արձագանքների առումով պիտի ասեմ, որ, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք նաև լարվածության որոշակի միտումներ: Այդ լարվածությունը կապված է նաև կոնկրետ իրադարձությունների և կոնկրետ իրավիճակների հետ:

Գիտեք՝ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հստակ է, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից 2021 թվականի մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքեր: Ըստ էության, միջազգային հանրությունն աջակցում է մեր այս դիրքրոշմանը: Մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը նույնպես մեր այս դիրքորոշումը կպաշտպանի: Իհարկե, տարօրինակ է իրավիճակը, որովհետև թվում է, թե հակառակը պետք է լիներ. ՀԱՊԿ-ը պետք է հստակ պաշտպաներ, և մենք մյուս գործընկերների հետ պետք է աշխատեինք դիրքորոշում կառուցելու համար, բայց մենք հիմա ուղիղ հակառակն ունենք: Ես հույս ունեմ, որ մենք նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունենալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում այս կոնսենսուսը կարձանագրեք: Սա սկզբունքային որոշում և դիրքորոշում է Հայաստանի Հանրապետության համար»,-նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը չի ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել․ «Ոչ: Մենք ասում ենք, որ քաղաքական դիրքորոշումը, արձանագրումը, ի՞նչն է ՀԱՊԿ-ի ընկալումը այս իրավիճակի և ի՞նչ քաղաքական դիրքորոշում է ՀԱՊԿ-ը արձանագրում այս իրավիճակի հետ կապված, մեզ համար չափազանց կարևոր է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել