Ապրանքների մատակարարման վայր է համարվում ապրանքների գտնվելու տեղը, որտեղից դրանք փաստացի մատակարարվում են:
Ապրանքները համարվում են մատակարարված Հայաստանի Հանրապետությունում, եթե դրանք`
ա) առաքվել կամ հանձնվել են գնորդին (պատվիրատուին) Հայաստանի Հանրապետության տարածքում.
բ) արտահանվել են Հայաստանի Հանրապետությունից:
Ներմուծված ապրանքները համարվում են մատակարարված Հայաստանի Հանրապետությունում դրանց ներմուծման պահից:
Բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, ծառայության մատուցման վայր է համարվում ծառայություն մատուցող կազմակերպության պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վայրը, իսկ դրանց բացակայության դեպքում` կազմակերպության հիմնադիր փաստաթղթում նշված վայրը կամ կազմակերպության մշտական ստորաբաժանման գտնվելու վայրը, եթե ծառայությունները մատուցվում են անմիջականորեն այդ ստորաբաժանման միջոցով, իսկ ծառայությունն անհատ ձեռնարկատիրոջ կողմից մատուցվելու դեպքում` նրա բնակության վայրը: