Կենտրոնական բանկի նախագահը՝ 2023 թվականի բյուջեի մասին

Տնտեսական ներուժի ավելացմանն ուղղված Կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ներքո 2023 թ. համար եւս նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ: Այս մասին նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում, ներկայացնելով «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը, ասել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, տեղեկանում ենք Ազգային ժողովի հաղորդագրությունից:

2023 թ. համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած է արտադրողականության եւ մրցունակության աճի ապահովման համար անհրաժեշտ առանցքային ներդրումների, այդ թվում` պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը եւ արտահանման աճի համար կայուն հիմքերի ձեւավորումը: Ուստի, տնտեսական աճի ապահովումը զգալիորեն կախված կլինի Կառավարության կողմից ենթակառուցվածքներում խոշոր պետական ներդրումների, սահմանված ժամկետներում եւ ծրագրավորված համամասնություններով իրականացումից, ինչպես նաեւ ծրագրով նախատեսված ներդրումների խրախուսման եւ արտահանման խթանման ուղղությամբ միջոցառումների ամբողջական կատարումից:

Անդրադառնալով 2023 թ. պետբյուջեի մասին օրենքի նախագծով նախանշվող նպատակադրումներին` բանախոսը նշել է, որ եկող տարի եւս հարկաբյուջետային քաղաքականությունը կշարունակի սահուն կոնսոլիդացիայի իրականացումը` նպաստելով պարտքի բեռի նվազեցմանը` միաժամանակ այն համադրելով տնտեսական աճի խթանմանն ուղղված պետական ներդրումների էական մեծացման քաղաքականության հետ: Հաշվի առնելով ընթացիկ տարում դիտարկվող հատկապես ծառայությունների ոլորտում պահանջարկի էական առաջանցիկ աճը, ինչպես նաեւ 2022 թ. հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարելավման համեմատաբար համեստ ցուցանիշները` կարեւորվել է 2023 թ. հարկերի հավաքագրումը բարելավող լծակների ուժեղացման եւ հարկերի ներուժային մակարդակի ապահովմանն ուղղված հարկային բարեփոխումների իրականացումը, ինչն ամբողջական պահանջարկի զսպման միջոցով կնպաստի մակրոտնտեսական կայունության` միաժամանակ տնտեսական աճի շարունակականության ապահովման համար անհրաժեշտ ռեսուրսներ ձեւավորելով:

Ամփոփելով իր խոսքը` ԿԲ նախագահը նշել է, որ ստեղծված իրավիճակում կարեւորվում է կոորդինացված դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների իրականացումը, ուստի առաջանցիկ պահանջարկի կարգավորման եւ մակրոտնտեսական կայունության ապահովման համար 2023 թ. անհրաժեշտ կլինի իրականացնել զգալի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն: Բանախոսի արձանագրմամբ բյուջեի ծախսերի բարելավմանը, կապիտալ ծախսերի մասնաբաժնի մեծացմանը, ինչպես նաեւ հարկերի հավաքագրման բարելավմանն ուղղված բարեփոխումների եւ միջոցառումների ամբողջական իրականացումն անհրաժեշտ հիմքեր կձեւավորի ՀՆԱ-ներուժային մակարդակի բարձրացման եւ երկարաժամկետ կայուն աճի ապահովման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել