Գիտեմ, որ տարբեր ուսուցիչներ ունեն տարբեր կարծիքներ, մտահոգություններ, դիտարկումներ․ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Երևանից և ՀՀ մարզերից կամավոր ատեստավորմանը մասնակցած առարկայական ուսուցիչների հետ, լսել գործընթացի վերաբերյալ նրանց տեսակետները, առաջարկները և պատասխանել հարցերին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը:

Ուսուցիչների դիրքորոշումը ներկայացրել է «Հայաստանի ուսուցիչների միություն» նախաձեռնության համակարգող, մանկավարժ Շողակաթ Բաբայանը։ Վերջինս ընդգծել է, որ իրենք կողմ են կամավոր ատեստավորման գաղափարին, սակայն վեր են հանել որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնց շուրջ ակնկալում են համագործակցություն կրթության կառավարման լիազոր մարմնի հետ: 

«Գիտեմ, որ տարբեր ուսուցիչներ ունեն տարբեր կարծիքներ, մտահոգություններ և դիտարկումներ: Մենք բաց ենք առաջարկների համար և պատրաստ ենք քննարկել ընթացակարգերի բարելավման հնարավորությունները, եթե դրանք համահունչ են պետական քաղաքականությանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նա ուսուցիչներին հորդորել է առարկայական թեստերի և մասնագիտական հարցերի շուրջ առաջարկություններն ու դժգոհությունները փոխանցել գրավոր ընթացակարգով:

Անդրադառնալով կամավոր ատեստավորման առարկայական  թեստերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ուսուցիչների համար առաջադրանքներ կազմելու փորձը նոր է ձևավորվում, և ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի գործընթացի նկատմամբ բոլոր ուսուցիչների մոտ լիարժեք վստահություն լինի. «Ժամանակ կպահանջվի մինչև հասնենք այն կետին, որ կամավոր ատեստավորման գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համար հասկանալի և ընդունելի լինեն որակական չափանիշները: Պատրաստ ենք ձեզ հետ միասին քննարկել և կարգավորել առկա խնդիրները: Այս գործընթացով պետք է միասին անցնենք՝ վստահելով և աջակցելով միմյանց»:

Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել գործընթացում առկա որոշ բացերի առնչությամբ: Որպես հիմնական մտահոգություն՝ ուսուցիչները նշել են քննական թեստերի ծավալ-ժամանակ հարաբերակցությունը՝ ընդգծելով, որ որոշ առարկաների դեպքում հիմնական խնդիրը հատկացված ժամանակն է եղել. ուսուցիչները չեն հասցրել ամբողջությամբ կատարել առաջադրանքները: Խնդիրներ են նշվել նաև քննական թեստերում ընդգրկված ծրագրային նյութերի վերաբերյալ:

Պարզաբանելով խնդիրը՝ Ժ. Անդրեասյանը նշել է, որ թեստերը ներառում են առարկայական ողջ ծրագիրը և դրանք չեն կարող առանձին լինել՝ համապատասխանաբար հիմնական և ավագ դպրոցներում դասավանդող ուսուցիչների համար. «Մեր երկրում ուսուցիչ աշխատելու իրավունքն ու հնարավորությունը սահմանափակված չեն: Եթե որևէ մեկը հանդիսանում է օրինակ աշխարհագրության ուսուցիչ, պետությունը որևէ կերպ չի սահմանափակում, որ տվյալ ուսուցիչը կարող է դասավանդել միայն հիմնական կամ ավագ դպրոցում: Ուսուցչի որակավորումը նախատեսված է բոլոր դասարաններում դասավանդելու համար: Հետևաբար, եթե պետությունը չի սահմանափակում ուսուցչի իրավունքը, շատ տրամաբանական է, որ պետությունը պետք է  ուսուցչի առարկայական գիտելիքների իմացության ամբողջ ծավալի համար պահանջներ սահմանի:

Համաձայն եմ, որ հիմնական դպրոցի ուսուցիչը կարիք ունի թարմացնելու, վերհիշելու այն գիտելիքը, որն ավագ դասարանների առարկայական ծրագիրն է պարունակում, բայց հենց այս պատճառով էլ գործընթացը կամավոր է: Ջանքեր են պահանջվում, բայց  այն արդարացված է, քանի որ հաջողության դեպքում ուսուցիչն արժանանում է դպրոցի և պետության գնահատականին՝ հավելավճարի և աշխատավարձի բարձրացման տեսքով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է նաև, որ հաշվի առնելով նախորդ տարվա փորձը՝ այս տարի արդեն իսկ վերանայվել է առաջադրանքների համար տրամադրվող ժամանակը: Հաջորդ տարվանից ուսուցիչների կամավոր ատեստավորման թեստերը կգեներացվեն համակարգչային եղանակով:

Նա ընդգծել է, որ կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների շուրջ կեսն ստանում է աշխատավարձի դրույքաչափի բարձրացում և հավելավճար, ինչը փաստում է, որ համակարգը գործուն է:

«Կամավոր ատեստավորման արդյունավետության գնահատման համար համեմատության մեկ գործիք ունենք՝ որակավորման տարակարգի մեխանիզմը, որը մեր երկրում գործել է շուրջ 10 տարի: Այդ ընթացքում տարակարգից օգտվել և այդ հնարավորությամբ աշխատավարձի 10 %-ի բարձրացում է ունեցել ուսուցիչների 6,2 %-ը՝ շուրջ 3000 ուսուցիչ. սա՝ 10 տարվա ընթացքում:

Կամավոր ատեստավորումը նախորդ տարի հասանելի էր սահմանափակ թվով՝  7-12-րդ դասարանների կոնկրետ առարկաների ուսուցիչներին: Այս տարի 5-12-րդ դասարանների ուսուցիչների համար է հասանելի եղել՝ ավելի ցածր դասարանների մանկավարժներին այն դեռևս հասու չէ: Երկու տարվա արդյունքում ավելի քան 1500 ուսուցիչներ օգտվել են համակարգից և ստանում են հավելավճար: Հետևաբար, ասել, թե համակարգն անհասանելի է, կամ ստեղծված են այնպիսի պայմաններ, որ ուսուցիչները դրանք չեն հաղթահարում, սխալ է: Եթե մասնակիցների շուրջ կեսը հաղթահարում է, ապա մենք ունենք բավական գործուն համակարգ:

Այո, առանձին առարկաների և մասնագիտությունների առումով շատ աշխատանք ունենք անելու. երբևէ դա չենք ժխտել: Սա շարունակական գործընթաց է: Ամեն տարի առարկայական թեստերը պետք է բարելավվեն: Պետք է կուտակենք փորձառություն, որպեսզի ունենանք նաև հարցաշարերի շտեմարան»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով՝ պետական քաղաքականության գերակա նպատակը ուսուցչի մասնագիտական կատարելագործումն ու վարձատրության բարձրացումն է, որը վերջնարդյունքում բերելու է կրթության որակի բարելավման:

Ամփոփելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ուսուցիչներին հուզող հարցերը և ներկայացրած առաջարկները կուսումնասիրվեն և հնարավորինս հաշվի կառնվեն կամավոր ատեստավորման հետագա գործընթացում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել