Քաղաքացին բանկից կարող է 300․000 դրամ փոխհատուցում ստանալ, եթե բանկը խախտել է իր իրավունքը

«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի համաձայն, եթե բանկը խախտել է սպառողի օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված որևէ իրավունք, ապա սպառողն իրավունք ունի անմիջապես դիմելու դատարան, առևտրային արբիտրաժ, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշում է, որ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն կրեդիտավորողի ծառայություններից օգտվող սպառողի որևէ իրավունքի խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով, առևտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ սպառողի գանձվում է 300.000 դրամ։

Նրա խոսքով` կան նաև բացառություններ։ «Հօգուտ սպառողի գումարը կգանձվի, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ կրեդիտավորողը ձեռնարկել է սպառողի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ գործողությունները և փաստացի վերացրել է սպառողի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել, և սպառողի իրավունքի խախտման հետևանքով սպառողը փաստացի չի կրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է կրեդիտավորողը»,-օրենքը ներկայացնում է Սողոմոնյանը։

Իրավաբանը նշում է նաև, որ սա նշանակում է, որ երբ Ֆինանսական համակարգի հաշտարարը բողոքն ուղարկում է բանկ, ապա բանկն իրավունք ունի իր սխալն ուղղելու և չվճարելու 300․000 դրամը։

Iravaban.net-ը հայտնում է, որ այս օրենքի շրջանակներում կրեդիտավորող է համարվում բանկը, օտարերկրյա բանկի մասնաճյուղը, վարկային կազմակերպությունը կամ գրավատունը, որը տրամադրում է կրեդիտ։ Կրեդիտը պարտավորության տարաժամկետ վճարման իրավունք, վարկ, փոխառություն, ֆինանսական վարձակալություն (լիզինգ) կամ որևէ այլ համաձայնություն կամ պայմանավորվածություն, որի նպատակը ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռքբերումը ֆինանսավորելն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել