Ադրբեջանը փորձում է նոր էսկալացիայի նախադրյալներ ստեղծել․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է նոր էսկալացիայի նախադրյալներ ստեղծել: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ պետք է գույքագրել և ստուգել այն մեղադրանքները, որոնք Ադրբեջանը ներկայացնում է Հայաստանին։

«Ձեր զարգացրած տրամաբանությունը հասկանալի է և որևէ մեկը չի կարող ասել, թե այդ տրամաբանությունը փաստարկված չէ, բայց մյուս կողմից չենք կարող ուղղակի համակերպվել այ իրողության հետ, թե հաջորդ հանգրվանը նոր էսկալացիան է։

Ես գործնականում դա եմ փորձում իրականացնել, որ նախ պետք է հասկանալ այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայման։ Իսկ դրա լավագույն ձևը, կարծում եմ՝ գույքագրելը և ճշգրտելն է այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել մեզ։

Մենք խոսում ենք այն պայմանավորվածությունների մասին, որոնք գրավոր արձանագրված են, որովհետև եթե նույնիսկ լինում են բանավոր քննարկումներ, դրանք պետք է արտահայտված լինեն այն տեքստերում, որոնք հրապարակվում են բարձր մակարդակներում ունեցած քննարկումների արդյունքում»,-նշել է նա։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ երեկվա իմ ելույթը ծառայել է իր նպատակին։

«Այսօր Ադրբեջանի ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ, որում մեզ մեղադրում են Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապի հաստատման գործը վիժեցնում ենք։ Սա կարևոր է նրանով, որ Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում է խոստացված միջանցքի մասին, իսկ ԱԳՆ այդ միջանցք բառը արդեն չի օգտագործում։ Ինչո՞ւ, որովհետև ԱԳՆ հայտարարության հիմնական հասցեատերը միջազգային հանրությունն է, իսկ միջազգային հանրությունը փորձում է վերադառնալ և տեսնել, թե ինչ փաստաթղթեր են ստորագրված և ինչ է գրված տեքստերի մեջ։ Դա է պատճառը, որ կարևոր է գույքագրում անելը, թե ինչ է պայմանավորված, ինչ է գրված տեքստերի մեջ»,-նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու համար ոչ մի խոչընդոտ չկա․ «Խոչընդոտը միայն Ադրբեջանի իշխանության դիրքորոշումն է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել