Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովում (CPT) Հայաստանի Հանրապետության անունից ընտրվող անդամի թեկնածուների առաջադրման մրցույթ է հայտարարվել; Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի հայտարարությունից:
Հայաստանի Հանրապետությունը՝ որպես «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիայի մասնակից պետություն, իրավասու է առաջադրելու Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի անդամ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում /ԵԽԽՎ/ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը հայտարարում է մրցույթ` Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովում (CPT) Հայաստանի անունից անդամի թեկնածություններ ԵԽԽՎ-ին առաջադրելու համար:
Համաձայն ընթացակարգի` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը պետք է Վեհաժողովին ներկայացնի երեք թեկնածություն, որոնցից կընտրվի մեկ անդամ:
Թեկնածուները պետք է գերազանց տիրապետեն ԵԽ պաշտոնական լեզուներից առնվազն մեկին (անգլերեն, ֆրանսերեն)՝ մյուս պաշտոնական լեզվի առնվազն պասիվ իմացությամբ: Ցանկալի է, որ ներկայացվի լեզվի իմացությունը հավաստող վկայագիր: Կից ներկայացված են թեկնածուների համար ներկայացված պահանջների, ընտրության ընթացակարգի, հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերի ցանկը: Լրացուցիչ տեղեկատվություն հնարավոր է ստանալ՝ այցելելով http://www.cpt.coe.int կայքէջ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն (CV)` ուղարկելով այն [email protected] էլեկտրոնային հասցեին: Կից ներկայացված է ինքնակենսագրության ձեւանմուշը: Ցանկալի է, որ այն լրացվի անգլերենով եւ ֆրանսերենով: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ը:
Մրցույթի նախնական (փաստաթղթային) փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար Կարինե Շիմշիրյանին հետեւյալ հեռախոսահամարով՝ 011 513-430: