Կենսաչափական անձնագրերի տրամադրումը ժամանակավորապես կդադարեցվի, մինչև նոր կենսաչափական համակարգի ներդրումը քաղաքացիներիը կստանան հին նմուշի անձնագիր

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում «Նույնականացման քարտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները իրենց իրավունքներն իրացնելու նպատակով հնարավորություն կունենան ստանալ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը։

Բացի այդ, ժամանակավորապես, մինչև 2024թ. հունվարի 1-ը, կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը:

«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծի ընդունման արդյունքում ֆիզիկական անձինք պաշտոնական էլեկտրոնային փոստ ձեռք կբերեն ոչ թե նույնականացման քարտի հետ համատեղ, այլ հանրային ծառայության համարանիշ ձեռք բերելու պահից։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Նույնականացման քարտերի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացում նախատեսող օրինագծերի նախապատրաստումը պայմանավորված է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու համար: Բացի այդ, օրինագծերի նպատակը քաղաքացիների համար ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի և էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծումն է և աստիճանաբար, ըստ ժամկետի ավարտի, հին անձնագրերի և էլեկտրոնային քարտերի նորերով փոխարինումը:

Իսկ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին օրենքում լրացում նախատեսող օրինագծի նախապատրաստումը պայմանավորված է հաղորդակցման պաշտոնական միջոց հանդիսացող պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեատերերի շրջանակի ընդլայնման անհրաժեշտությամբ՝ սահմանադրությամբ նախատեսված հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման համատեքստում: Գործող իրավակարգավորման շրջանակում պաշտոնական էլեկտրոնային փոստ ֆիզիկական անձին տրվում է նույնականացման քարտի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։ Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները և ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք ևս ունեն պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե:

Նշվում է նաև, որ մինչև 2022 թվականի վերջ կներդրվեն «խելացի» և «շարժական կապի» էլեկտրոնային նույնականացման համակարգերը, որոնք ոչ միայն գործող էլեկտրոնային քարտեր ունեցող անձանց համար, այլ նաև մինչև նոր համակարգի ներդրումը էլեկտրոնային ստորագրության ծառայության կարիք ունեցող անձանց համար կապահովեն բարձր որակի և ավելի հարմարավետ ծառայություն:

Հաշվի առնելով վերոգրյալը, մինչև նշված բարեփոխումների ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ ունենալու իրավունքն անարգել իրացնելու նպատակով մշակվել են սույն օրինագծերը՝ 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման (փոխանակման) գործընթացը մեկ տարի ժամկետով երկարաձգելու համար։

Իսկ ինչ վերաբերում է պաշտոնական էլեկտրոնային փոստին, ապա այն համարվում է հաղորդակցության պաշտոնական միջոց, որը շնորհվում և հաղորդագրություններ ստանալու նպատակով օգտագործվում է անվճար: Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտի թողարկման պահից բոլոր ֆիզիկական անձանց շնորհվում է պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե: Հարկ է նշել, որ անձի առցանց խիստ նույնականացումը իրականացվում է ոչ միայն նույնականացման քարտով, այ նաև այլ միջոցներով, օրինակ բջջային նույնականացում (mID)։ Ապագայում նախատեսված է խիստ նույնականացման այլ միջոցների ներդրում, որոնց օգնությամբ հնարավոր է մուտք գործել պաշտոնական էլեկտրոնային փոստի հարթակ։

Նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձին պաշտոնական էլեկտրոնային փոստ տրամադրել ոչ թե նույնականացման քարտի հետ համատեղ, այլ՝ հանրային ծառայության համարանիշ ձեռք բերելու պահից և 16 տարին լրացած անձանց համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել