Քանի՞ հարվածն է համարվում ծեծ

Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

ՀՀ վճռաբեկ դատարանը այս հարցի շուրջ արտահայտել է իր դիրքորոշումը, ըստ որի՝ ծեծը ենթադրում է տուժողի մարմնին մեկից ավելի հարվածներ հասցնելը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հնարավոր են դեպքեր, երբ մեկ հարվածն ավելի ուժգին լինի, քան մի քանիսը: Հարվածների քանակը արարքը որակելու դեպքում էական նշանակություն ունի միայն այն դեպքում, երբ դրա հետևանքով որևէ հանցակազմի հատկանիշ համարվող ֆիզիկական վնաս չի առաջացել: Այսինքն՝ մեկ հարվածը, եթե առաջացնում է, օրինակ` առողջությանը ծանր, միջին ծանրության կամ թեթև վնաս, ապա որակվում է ըստ փաստացի վրա հասած հետևանքի, իսկ այն դեպքում, երբ մեկ հարվածը ֆիզիկական ցավ կամ ֆիզիկական տառապանք չի պատճառել և այդպիսիք պատճառելու դիտավությամբ չի բնութագրվում, ապա իր նվազ կարևորության պատճառով այն չի կարող հանցագործություն համարվել:

Ֆիզիկական ցավ, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելու կամ այդպիսիք պատճառելու դիտավորության առկայության հանգամանքը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել տուժողի տարիքը, առողջական վիճակը, ինչպես նաև հանցավորի ֆիզիկական տվյալները, հարվածի տեղակայումը, բնույթը և այլ հանգամանքները, որոնք իրենց համակցությամբ կարող են վկայել, որ տուժողին պատճառվել է ֆիզիկական ցավ:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ, ծեծը ենթադրում է տուժողի մարմնին մեկից ավելի հարվածներ հասցնելը, որոնց արդյունքում տուժողին ֆիզիկական ցավ է պատճառվել: Հետևաբար, տուժողի մարմնին մեկից ավելի հարվածներ հասցնելը, որոնց արդյունքում տուժողին ֆիզիկական ցավ չի պատճառվել, ենթակա չէ որակման ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ որպես ծեծ:

Ա.Ղարագյոզյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել