ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ այսօր փակ աշխատանքային քննարկում ունեցանք` Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդման թեմայով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
«Նախատեսվում է, որ համապատասխան օրենքները կընդունվեն մինչև այս տարվա վերջ, առաջին հայտարարագրերը կլրացվեն 2024 թվականին:
Համակարգը ներդրվելու է փուլային տարբերակով:
Մինչև Ազգային ժողովի կողմից համապատասխան օրենսդրության ընդունումը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան քննարկումներ և հանրային լսումներ, քանի որ գործ ունենք շատ կարևոր ռեֆորմի հետ»,-գրել է նա: