ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Երևանի Երվանդ Քոչար փողոցում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 7-ին ՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երվանդ Քոչար փողոցի շենքերից մեկի բակում մի խումբ երիտասարդներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամաբ, քարերով հարվածել են մի քանի երիտասարդների և հնչեցրել հայհոյանքներ: Նկատելով իրենց մոտեցող ոստիկանության ծառայողներին՝ երիտասարդները նստել են «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան և փորձել դիմել փախուստի, որի ընթացքում ավտոմեքենան վարել են ոստիկանների ուղղությամբ՝ փորձելով վրաերթի ենթարկել, սակայն ավտոմեքենան հարվածել է մայթեզրին առկա քարին և կանգնել:
Հիշյալ ավտոմեքենայի վարորդը՝ 33-ամյա տղամարդը և ուղևորներից մեկը՝ 21-ամյա երիտասարդը, անմիջապես ձերբակալվել են և տեղափոխվել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ մյուսները դիմել են փախուստի:
Ձերբակալվելու ժամանակ 33-ամյա տղամարդը փորձել է դիմել փախուստի և ավտոմեքենայի մեջ կծել է ոստիկանների ձեռքերը՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված միջադեպի մասնակիցները ծեծի են ենթարկել 4 երիտասարդի, որի ընթացքում նրանցից մեկն իր մոտ եղած դանակով հարվածել է երիտասարդներից մեկին, իսկ մեկ այլ մասնակից իր մոտ եղած ատրճանակից կրակել է քննությամբ չպարզված ուղղությամբ, ապա քարերով վնասել երիտասարդներից մեկին պատկանող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան:
33-ամյա տղամարդը և 21-ամյա երիտասարդը ձերբակալվել են՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության ծառայողները Երվանդ Քոչար փողոցում հանդիպել են դեպքի վայրին հարակից թաղամասի 60-ամյա բնակչին և ուսումնասիրել նրա բջջային հեռախոսում առկա տեսագրությունները, սակայն այդ ընթացքում վերջինս մոտեցել է նույն թաղամասի մեկ այլ բնակչի՝ 50-ամյա տղամարդու, ով հայհոյանքներ է հնչեցրել տեսագրությունները ոստիկաններին տալու կապակցությամբ, որից հետո 60-ամյա տղամարդը բջջային հեռախոսը հարվածել է գետնին և կոտրել այն, որպեսզի ոստիկանները հնարավորություն չունենան ուսումնասիրել դրանում առկա տեսագրությունները:
Նշված դեպքի առթիվ ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին՝ նախաքննությունը նույն վարույթում շարունակելու նպատակով:
Հիշյալ երկու տղամարդիկ նույնպես ձերբակալվել են՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:
Կատարվում են քննչական և վարութային գործողություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: