Ազգային ժողովում դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը նշեց, որ Բռնագանձման դատարան ստեղծելը նպատակահարմար չէ, պետք է ռեսուրսները ուղղել ընթացիկ խնդիրների լուծման համար։ Դատավորը օրինակ բերեց Հակակոռուպցիոն դատարանը։
«Օրինակ՝ հիմա։ Պետությունը ահռելի միջոցներ է ուղղել Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման համար։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը առաջիկա մեկ տարվա ընթացքում բողոք չի ունենալու, բայց այնտեղ աշխատում են դատավորներ, որոնք աշխատավարձ են ստանում, որը իմ աշխատավարձից առնվազն 3 անգամ ավել է։ Նրանք ևս մեկ տարի ստանալու են այս աշխատավարձը չքննելով գոնե մեկ վճռաբեկ բողոք։ Մենք կարող էին այս 3 ատյան հակակոռուպցիոն դատարանը չստեղծել, բայց էլեկտրոնային արդարադատությունը ներդնել, սրանից մի տարի առաջ»,-նշեց Նախշքարյանը։
Դատավորի խոսքով՝ դատավորների թվի ավելացումը արդյունք չի տա, ծանրաբեռնվածությունը պահպանվել է։ Ըստ նրա՝ ծանրաբեռնվածությունը թեթևանալու է օրենսդրական փոփոխություններով, էլեկտրոնային համակարգերի ներդրմամբ, դատավորների գործառույթների կրճատմամբ։
«Ես հրաժարականի ինքնուրույն դիմում չեմ գրի, բայց եթե ինձ աշխատանքից ազատեք, ես միայն շնորհակալ կլինեմ»,-նշեց Նախշքարյանը։