Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մեկնաբանել է ՀՀ գլխավոր դատախազության որոշումը, ըստ որի՝ միջոցներ են ձեռնարկվել շուրջ 25 տարի առաջ Սուքիասյանների ընտանիքի կողմից Արամի 3 հասցեում գտնվող տարածքի ձեռքբերման օրինականությունը ստուգելու նպատակով:
«Երջանիկ եմ, շատ ուրախ եմ, շատ խելոք եմ վերաբերվում, որովհետև պետական մարմինները պետք է մինչև վերջ հասկանան, կապ չունի, որ ժամանակ ինչ է կատարվել, որ վերջնական արդյունքում, եթե պետությանը վնաս է հասցվել, եթե ինչ-որ օրենքի կետ է խախտվել, այդ բոլոր գործողությունների արդյունքում օրենքը պաշտպանվի»,- նշել է Սուքիասյանը, հավելել՝ ենթատեքստեր չի տեսնում:
Սուքիասյանը հետաքրքրվեց, թե որտեղ է ասվել, թե «ջրի գնով են» ձեռք բերել գույքը՝ ներկայացնելով, թե ինչպես են եկել գույքը ձեռք բերելու որոշմանը։
«Մեզ երկար տարիներ համոզել են, որ դա քաղաքի կենտրոնում է, դուք ունեք գումարներ, խնդրում ենք ձեզ՝ վերցրեք։ Մենք ասել ենք՝ չենք ուզում, որովհետև դրա նպատակահարմարությունը չենք տեսնում։ Ինձ իմ հայրիկն է համոզել՝ երկար բանակցություններից հետո։ Մենք հասկանում էինք, որ եթե շենքը վերակառուցվի, մենք այդ բակում տարբեր խնդիրների էինք առնչվելու, և եղան այդ խնդիրները՝ 4 բնակարան ասացին, ձեռք բերեցինք 5-ը։
Շենք չի եղել։ Եղել է մի պատ՝ մոտ 4 մետր բարձրությամբ, հետո 1․20 մետր այն բարձրացվել է, Աբովյան փողոցում այդ պատը եղել է մոտ 10 մետր երկարությամբ, մոտ 8-9 մետր երկարությամբ էլ պատ եղել է Արամի փողոցում։ Բակում եղել են տարբեր փոքրիկ տներ, որոնք քանդվել են, որովհետև լայնությունը վաճառել են 6 մետր լայնությամբ։ Մի պատ է եղել, մնացածը տանջանքով, չարչարանքով, այդ տարիներին էլ բավականին բարդ է եղել վապետներ, աշխատողներ գտնել։ Ինչքան հիշում եմ 1998 թ. բացվեց։ Սկզբնական շրջանում այնտեղ կետ կար, որտեղ պետք է լիներ պատկերասրահ, բայց այն չի արդարացրել իրեն։ Շատ երջանիկ եմ, ուրախ եմ, թող պետական մարմինները այդ հատվածը ուսումնասիրեն, հասկանան»,-նշեց նա։
Խաչատուր Սուքիասյանը նաև նշեց, որ գիտի՝ համակարգն ինչպիսին է, ու պատասխան է տալիս իր բոլոր գործողությունների համար։
« «Սիլ պլազան», որը կառուցվել է մի քանի տարի, մեծ գումարներ, տասնյակ, հարյուրավոր միլիոններ են ծախսվել դրա վրա, մարդիկ դնում են այդ նկարները՝ ասում՝ այս շենքը այսինչները, այնինչնեչը ձեռք են բերել 5000 դոլարով։ Սա խայտառակություն է լրագրողական։ Դա ինչ անելու բան է, ձեռք է բերվել մի պատ, որի արդյունքում 5 ընտանիքի տրվել է 5 բնակարան, ի՞նչ կապ ունեն այդ պատը և «Սիլ պլազան»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։