Հայաստանում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման ծրագրի նախագիծ է ներկայացվել

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։

Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ներդնել արդյունագործական եղանակով խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիան՝ ձևավորելով խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց և վերականգնել խեցգետնի արտահանման գործընթացը։

Ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում տարեկան կարտադրվի 162 տոննա խեցգետին, կամ տարեկան լրացուցիչ ստանալ 1 մլրդ 620 մլն համախառն արտադրանք։

Ծրագիրը կնպաստի արտադրական ենթակառուցվածքների զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։ Այն թույլ կտա լուծել նաև կարևոր բնապահպանական խնդիր՝ պահպանել խեցգետնի բնական պաշարները, ինչը թույլ կտա ժամանակի ընթացքում վերականգնել խեցգետնի երբեմնի հարուստ պոպուլյացիան։

Նախագծով առաջարկվում է 2023-2025 թթ․ հանրապետությունում հիմնել 9 խեցգետնաբուծական ժամանակակից համալիրներ (3-ական՝ փոքր, միջին, խոշոր)։ Նախատեսվում է տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում՝ կատարված ներդրումների 50%-ի չափով։ Նախագծի ընդունման դեպքում փոխհատուցվող ընդհանուր գումարը կազմում է 819,0 մլն դրամ, ինչի համար անհրաժեշտ կլինի ՀՀ 2023, 2024 և 2025 թվականների պետական բյուջեից տարեկան հատկացնել 273,0 մլն դրամ։

Նախագծի հիմնավորման մեջ նաև նշվում է, որ Հայաստանի Հանրապետության որոշ լճերում, գետերում, ջրամբարներում և հատկապես Սևանա լճում գետի խեցգետնի պաշարները հնարավորություն ընձեռեցին իրականացնել դրանց արդյունահանումը, ինչը լայն թափ ստացավ վերջին 3 տասնամյակների ընթացքում։ Արդյունահանմանը զուգահեռ իրականացվեց նաև խեցգետնի արտահանումը, որի ծավալները կտրուկ աճեցին հատկապես մեր դարաշրջանի երկրորդ տասնամյակի կեսերին, երբ տարեկան արտահանվում էր ավելի քան 2000 տոննա խեցգետին։

Խեգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը, առավելապես Սևանա լճից, հանգեցրին լճում դրա պաշարների կտրուկ նվազմանը։

Խեցգետնի բնական պաշարների ցածր մակարդակը՝ մի կողմից և արտահանման ոլորտում ունեցած հաջող փորձը և իրացման ընդարձակ շուկայի առկայությունը՝ մյուս կողմից ստիպում են քայլեր ձեռնարկել ապրանքային խեցգետնի արտադրության այլընտրանքային ուղիներ գտնելու ուղղությամբ։ Այս տեսանկյունից արդյունավետ լուծում կարող է հանդիսանալ արհեստական եղանակով խեցգետինների բուծումը, ինչը կարող է զարկ տալ արդյունագործական խեցգետնաբուծությանը։

Թեև տվյալ բնագավառում չկա ուղղորդված քաղաքականություն, այնուամենայնիվ այն պետք է դիտարկել պետության կողմից իրականացվող պարենային անվտանգության ապահովմանը, տեղական արտադրանքի արտադրության խթանմանը, ինչպես նաև ակվակուլտուրայի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների եկամուտների ավելացմանն ուղղված քաղաքականության համատեքստում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել