Տեսուչնե՞րն էին իրավիճակը սխալ ընկալել, թե՞ վարորդն էր թյուրիմացության մեջ գցում

Գ.Բաղդասարյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը՝ հայցվորը դիմելով դատարան հայտնել է, որ 2011 թվականի փետրվարի 7-ին ժամը 18։30-ի սահմաններում ԳԱԶ-24-10 մակնիշի տրանսպորտային միջոցով երթևեկել է Գյումրի քաղաքի Ախուրյանի խճուղով, իր տրանսպորտային միջոցը կանգնեցրել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պարեկային խումբը։ Նշված տրանսպորտային միջոցով երթևեկել է ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմամբ, այդ թվում նաև անվտանգության ամրագոտիով ամրակապված վիճակում։ ճանապարհային ոստիկանության տեսուչը, մոտենալով իր տրանսպորտային միջոցին պահանջել է ներկայացնել փաստաթղթերը, նշելով, որ իբր թե երթևեկել է առանց անվտանգության ամրագոտու ամրակապման, որի համար ենթարկվելու է 5000 ՀՀ դրամ վարչական տուգանքի։

Հայցվորը առաջարկել է ներկայացնել խախտման համար հիմք հանդիսացող ապացույցը, սակայն վարչական մարմինը հրաժարվել է այն ներկայացնել։ Չհամաձայնվելով արձանագրության բովանդակության հետ, հայցվորը այն ստորագրել է՝ նշելով իր առարկությունները՝ արձանագրությունը իրականությանը համապատասխանելու մասին։ Կոնկրետ դեպքում ոստիկանության մեքենան ընթացել է իր մեքենայի հետևից, օրն արդեն մթնում էր, եղանակը վատ տեսանելի /թույլ տեղումներ էր ձյան տեսքով/, իսկ նման պայմաններում հնարավոր չէր տեսնել անվտանգության ամրագոտով ամրակապված լինելը։

Պատասխանող ՀՀ Ոստիակնության ճանապարհային ոստիկանության կողմից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան, և հայտնել, ոչ Գ.Բաղդասարյանը 2011թ. փետրվարի 7-ին Գյումրի քաղաքի Երևանյան փողոցում ավտոմոբիլը վարել է անվտանգության ամրագոտիները չամրակապած վիճակում, ինչի համար, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.3 հոդվածի, ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանքի 5000 ՀՀ դրամի չափով։ Տվյալ պարագայում, երբ ճանապարհային ոստիկանության ծառայողներն ականատես են եղել խախտմանը, բնականաբար նրանց մոտ հիմնավոր կասկածներ են առաջացել անձի ներկայացրած տեղեկությունների իսկության վերաբերյալ, իսկ դրա մեջ հավաստիանալու միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի առաջացել, քանի որ կասկածներն առաջացել են տեսուչների տեսողական ընկալման հետևանքով ձևավորված համոզմունքի հիմքի վրա, իսկ համաձայն ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 252-րդ հոդվածի՝ մարմինը /պաշտոնատար անձը/ ապացույցները գնահատում է իր ներքին համոզմամբ։

Ի պատասխան՝ հայցվորը նշել է, ոչ իրականում Գյումրի քաղաքում «Երևանյան փողոց» գոյություն չունի և ինքը չի կարող երթևեկել գոյություն չունեցող փողոցով։ Համաձայն ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի 2011 թվականի մայիսի 26-ի թիվ 1/4-009/3263 գրության նշված է, որ «Գյումրի քաղաքում Երևանյան փողոց չունենք»։ Նշված օրը ավտոմոբիլով երթևեկել է ոչ թե Երևանյան փողոցով, այլ Ախուրյանի խճուղով անվտանգության ամրագոտիով ամրակապված վիճակում և ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պարեկային խումբը իր ավտոմեքենան կանգնեցրել է Ախուրյանի խճուղու վրա՝ ՀՀ Շիրակի մարզային ոստիկանության Գյումրու բաժնի 2-րդ բաժանմունքին հարակից տարածքում։

Դատարանի եզրակացմամբ՝ հայցվորի կողմից թույլ է տրվել ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 123.3 հոդվածով նախատեսված իրավախախտումը, այն է՝ 07.12.2011թ. ժամը 18.30-ին Գյումրի քաղաքի Երևանյան փողոցում ավտոմեքենան վարել է անվտանգության ամրագոտին չամրակապած վիճակում, վարչական մարմինը նշված իրավախախտման վերաբերյալ կազմելով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը՝ գնահատել է այն որպես ապացույց, համակողմանիորեն հետազոտել է բոլոր հանգամանքները, այդ թվում իրավախախտի բացատրությունները և կայացրել է վարչական տույժ նշանակելու մասին վիճարկվող որոշումը։

Ուստի դատարանը վճռել է հայցը մերժել։

Սույն գործի վարույթը ներկայումս շարունակվում է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում՝ հայցվոր կողմի բողոքի հիման վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել