Ո՞րն է հանրահավաքի դերը. Խոսրով Հարությունյան

Վերջին օրերին ոմանք բարձրացնում են հարցը, առ այն, որ եթե որեւէ գործողություն չի իրականացվելու, ապա ի՞նչ իմաստ ունի հանրահավաք անցկացնելը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

«Ընդ որում «գործողություն» ասելով շատերը ի նկատի ոնեն այնպիսի վճռական քայլերի իրականացման նախաձեռնություն հանրակավաքի կազմակերպիչների կողմից, որոնք կբերեն իշխանափոխության։

Թողնենք մի կողմ այն, որ այդ մտքերի հեղինակները, մեծի մասամբ, իրենց չեն տեսնում այդ «վճռական» քայլերը կատարողների մեջ։ Տվյալ դեպքում, ըստ իս, խիստ ապակառուցողական է, եթե ոչ վտանգավոր, այն մտայնությունը , որ հանրահավաքները դիտվում են իշխանությանը «ԲՌՆԻ»հեռացնելու միջոց կամ գործիք։ Ի դեպ այս մտայնության ձեւավորմանը նպաստել են նաեւ ընդիմության լիդերները, հաճախ պնդելով՝ «եթե փողոց ելնի հարյուր հազար մարդ, ապա իշխանափոխությունը կդառնա անխուսափելի» կամ «փողոցով եկածները՝ փողոցով էլ կգնան»։Նման պնդումները շատերի մոտ ձեւավորեցին սխալ սպասումներ հանրահավաքներից։ Ընդ որում շատերը մարդաշատ հանրահավաքների միջոցով իշխանափոխությանը հասնելու իրենց համոզվածությունը հիմնավորում էին 2018թ հանրության զանգվային ընդվզմամբ, չգիտակցելով այն պարզ իրողությունը, որ 2018- ի իրադարձությունները հանգեցրին իշխանափոխության, որովհետեւ կար իշխանություն, որը հաշվի նստեց հանրության դիրքորոշման հետ եւ գիտակցելով սեփական պատասխանատվությունը Երկրի ապագայի հանդեպ՝ հրաժարական տվեց։

Ուստի հանրահավաքները ուղղակիորեն իշխանսփոխություն իրականացնելու միջոց չեն։ Նրանք հանրային կարծիք ձեւավորելու եւ իշխանության վրա լեգալ քաղաքական ճնշում գործադրելու միջոց են։

Այլ հարց է, որ քաղաքական ճնշման այդ գործիքը կարող է արդյունավետ լինել եւ հանգեցնել իշխանափոխության միայն իրական ժողովրդավարության պարագայում եւ ոչ թե ժողովրդավարության շղարշով քողարկված ավտորիտար կառավարման համակարգում։

Ոստի ժամանակն է հստակեցնել քաղաքական պայքարի այդ գործիքի վերաբերյալ հանրության իրական սպասելիքները՝ հանրահավաքը նախ եւ առաջ իշխանությունների հանդեպ հանրային կարծիք ձեւավորելու եւ նրանց վրա լեգալ քաղաքական ճնշում գործադրելու քաղաքական գործիքներից մեկն է, որի արդյունավետությունը, անշուշտ, պայմանավորված է հանրահավաքի մասնակիցների քանակով։

Իսկ նոյեմբերի 5- ի հանրահավաքի գլխավոր նպատակը Արցախի մեր հայրենակիցներին սատարելու մեր հավաքական անկոտրում կամքի դրսեւորելն ու թե’ իշխանություններին եւ թե՚ արտաքին խաղացողներին մեր քաղաքական կարմիր գծերը ցուցադրելն էր։ Ահա թե ինչու՞ էր անհրաժեշտ մասնակիցների սովորականից անհամեմատ շատ քանակը։

Համոզված եմ թե’ միտինգը եւ թե’ երթը՝ մասնակիցների տպավորիչ քանակով եւ թե՚ Հայտարարությունն՝ իր բովանդակությամբ միանգանայն բավարարեցին մեր բոլորիս սպասելիքները»,-գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել