Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն օրը արժեցել է 3 հայորդու կյանք․ Անդրանիկ Թևանյան

Արցախցին խնդրում է, պահանջում, ճչում, որ իրեն որպես զավակի վերաբերվեն, չհանձնեն որբանոց, սպանդանոց: Այս մասին Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Նա նշեց, որ հանրահավքին եկել է իր որդու հետ, ով ձեռքին պահել էր Արցախում վերջերս տեղի ունեցած հանրահավաքին ներկա փոքրիկ աղջկա նկարում՝ ձեռքին պաստառ՝ «Ես քո՛ զավակն են, Հայաստա՛ն»:

«Արցախն ասում է ՝ «ես քո զավակն եմ, Հայաստան»: Բոլորիս համար մեր զավակները պաշտամունքի ու սիրո առարկա են: Հիմա Արցախն ասում է՝ «Մայր Հայաստան, ես քո զավակն եմ, ինչո՞ւ է քո իշխանությունը այլասերում մեր արժեքները: Այլասերում է, որովհետև ասում է՝ եկեք մեր զավակին հանձնենք սպանդանոց, որ խաղաղ ապրենք: Մենք իրավունք չունենք մեր զավակին հանձնելու գնով կեղծ խաղաղության հասնել, հենց հանձնեցինք, կգնանք ինքնաոչնչացման»,- ասաց Թևանյանը:

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը շատ ծանր և ամոթալի վիճակում է: «Մենք լինել-չլինելու խնդրի առջև ենք: Ամենամեղմ հաշվարկներով՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն օրը արժեցել է 3 հայորդու կյանք: Դա ամսեկան անում է 3-4 ավարտական դպրոցի դասարան: Ստացվում է, որ մենք երեխեքին մեծացնում, ուսում ենք տալիս, դարձնում ենք 18 տարեկան, որ հանձնենք Նիկոլի՞ն, ու ինքը տանի նրանց կամ թաղի, կամ թողնի մարտի դաշտում անթաղ, որ հետո իրենք դիվային տեքստեր գրեն էդ թեմայով»,- ասաց նա:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել