Ե՞րբ կարող է բանկային գործունեության լիցենզիան անվավեր ճանաչվել

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, թե երբ կարող է բանկային գործունեության լիցենզիան անվավեր ճանաչվել և ի՞նչ իրավական հետևանքներ կարող է առաջացնել դա: Համաձայն այդ օրենքի`

Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է բանկային գործունեության լիցենզիան անվավեր ճանաչել, եթե բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը լիցենզիա է ստացել լիցենզավորման ընթացակարգում ներկայացրած կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա:

Օրենքի իմաստով կեղծ են համարվում այն տեղեկությունները կամ փաստաթղթերը, որոնց հիման վրա Կենտրոնական բանկը կայացրել է որոշում, բայց որը չէր կայացվի, եթե այդ տեղեկությունները կամ փաստաթղթերը լինեին ճիշտ և (կամ) արժանահավատ:

Լիցենզիան անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն անմիջապես հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներում:

Լիցենզիան անվավեր ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու օրվանից բանկը զրկվում է բանկային գործունեություն իրականացնելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը: Լիցենզիան անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից բանկը ենթակա է լուծարման` օրենքով սահմանված կարգով:

Լիցենզիան անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը դրա կայացման հիմքերի հետ միասին պետք է անմիջապես գրավոր հաղորդվի բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղին: Բանկի բանկայինգործունեության լիցենզիան անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարան չի կասեցնում այդ որոշման գործողությունը` գործի ողջ դատական քննության ընթացքում:

Բանկի բանկային գործունեության լիցենզիան անվավեր է ճանաչվում բացառապես «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Այլ օրենքներով լիցենզիան անվավեր ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են նշված օրենքի դրույթները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել