Առանց ծնողական խնամքի մնացած երեխա է համարվում 18 տարին չլրացած այն երեխան, որի ծնողները (կամ միակ ծնողը) մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափում են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են: Այս մասին նշվում է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք են համարվում 18-23 տարեկան այն անձինք, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչև նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց (այսուհետ՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ) հաշվառումն իրականացնում են խնամակալության և հոգաբարձության մարմինները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: