2023թ. պետական բյուջեի նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին(ԿԸՀ)-ին կհատկացվի 1 միլիարդ 376 միլիոն դրամ։ Գումարը հատկացվելու է ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում ծրագրի շրջանակներում:
Խորհրդարանում ներկայացրեց ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։
Ներկայացված ֆինանսական միջոցներն ուղղված են 4 հիմնական միջոցառումների կատարմանը՝
1․ԿԸՀ գործունեության ապահովման և ընտրական ծրագրերի համակարգման, կազմակերպման, անցկացման, մոնիթորինգի ծառայություններին ուղղվելու է 457 միլիոն դրամ,
2․Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպմանը՝ շուրջ 59 միլիոն դրամ,
3․ՏԻՄ ընտրությունների կազմակերպմանը՝ շուրջ 7 միլիոն դրամ,
4․ Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպմանը՝ 853 միլիոն դրամ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ապահովմանն ուղղված բյուջետային միջոցների տարբերությունը 2022-ի համեմատությամբ 75 միլիոն դրամ է, որից աշխատավարձին ուղղվող գումարը 61 միլիոն դրամ է, ընթացիկ ծախսերին՝ 14 միլիոն դրամ։ Աշխատավարձի ֆոնդի ավելացումը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 14-ին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով:
ԿԸՀ փոխնախագահը հայտնեց, որ հաջորդող տարում ՏԻՄ ընտրություններ անցկացվելու են Արարատ մարզի Վերին Դվին և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում․ այնտեղ մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են սպասվում։
Վերին Դվին համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ, իսկ Արզնի համայնքում՝ միայն համայնքի ղեկավարի ընտրություն։ Նշված ընտրությունների անցկացման համար կկազմավորվեն 3 ընտրական տեղամասեր և համապատասխանաբար կձևավորվեն 3 տեղամասային ընտրական հանձնաժողովներ, իսկ ընտրությունների նախապատրաստումն ու կազմակերպումը իրականացվեն 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից։
Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպվելու և անցկացվելու են ԿԸՀ-ի 10 ԸԸՀ-ների և մոտ 475 տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից։