Բացառությամբ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-9-րդ մասերում նշված դեպքերի`
1) հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է հետևյալ դրույքաչափերով.
Ամսական հարկվող եկամտի չափը |
Հարկի գումարը |
Մինչև 120000 դրամ |
Հարկվող եկամտի 24.4 տոկոսը |
120000-2000000 դրամ |
29280 դրամին գումարած 120000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը |
2000000 դրամից ավելի |
518080 դրամին գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը |
2) հարկային գործակալի միջոցով չհարկված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.
Տարեկան հարկվող եկամտի չափը |
Հարկի գումարը |
մինչև 1.440.000 դրամ |
Հարկվող եկամտի 24.4 տոկոսը |
1.440.000 դրամից ավելի |
351.360 դրամին գումարած 1.440.000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը |
Համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-9-րդ մասերի՝
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակում կուտակված միջոցները օրենսդրությամբ սահմանված դեպքերում ֆիզիկական անձի կողմից միանվագ ստացման դեպքում եկամտային հարկը հաշվարկվում է 1-ին աղյուսակի 1-ին կետով սահմանված դրույքաչափերով` հաշվի չառնելով Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքով սահմանված նվազեցումները:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակում հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կատարած կամավոր կուտակային վճարների հաշվին սահմանված կարգով ստացված կենսաթոշակներիցեկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքով սահմանված նվազեցումները:
4. Ռոյալթիների և գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից, ինչպես նաև բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող` անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների անհատ ձեռնարկատեր չհամարվող այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում` շենքի ընդհանուր տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն համարվող ոչ բնակելի տարածքների) 10 տոկոսը, սակայն ոչ ավելի քան 500 քառակուսի մետր մակերեսը, իսկ բնակելի թաղամասերում (կամ համալիրներում) չորս անհատական բնակելի տների քանակը (այսուհետ` չհարկվող շեմ) գերազանցող տարածքների վաճառքից ստացված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքով սահմանված նվազեցումները: Ընդ որում, չհարկվող շեմը նշված չափով կիրառվում է բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի մակերեսի կամ բնակելի թաղամասերում (համալիրներում) անհատական բնակելի տների համար միայն մեկ անգամ` անկախ շենքի տարբեր բնակարանների կամ անհատական բնակելի տների իրացման ժամկետներից և կառուցապատող և (կամ) փայատեր ֆիզիկական անձանց քանակից:
Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի իմաստով ռոյալթի է համարվում գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրի կամ արդյունաբերական առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացված հատուցումը:
5. Տոկոսների համար եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքով սահմանված նվազեցումները:
Տոկոսների համար սույն մասով, ինչպես նաև ռոյալթիների և գույքի վարձակալության դիմաց եկամուտներից սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերը չեն կիրառվում անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից որպես անհատ ձեռնարկատեր տոկոսների, ռոյալթիների և գույքի վարձակալության դիմաց ստացման ենթակա եկամուտների նկատմամբ: Այդ դեպքում հարկը հաշվարկվում է 1-ին աղյուսակի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով:
6. Հարկային գործակալը ֆիզիկական անձից գույք ձեռք բերելու դիմաց վճարված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով նաև Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթները:
7. Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Հայաստանի Հանրապետությունում բնակության (հաշվառման) հասցեի պարտադիր նշումով) չկնքելու դեպքում հարկային գործակալը հարկ վճարողին եկամուտներ վճարելիս եկամտային հարկը հաշվարկում և պահում է 11 տոկոս դրույքաչափով` վճարված եկամուտների նկատմամբ` առանց հաշվի առնելու Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքով սահմանված նվազեցումները, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկ վճարողին վճարված եկամուտները հիմնավորվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով կամ կրճատ հաշիվ-ապրանքագրերով:
8. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված և (կամ) «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով հարկ վճարողները
1) հաստատագրված վճարների և (կամ) արտոնագրային վճարների և (կամ) շրջանառության հարկի օբյեկտ համարվող գործունեության տեսակներից ստացված (անհատ ձեռնարկատերերի համար` ստացման ենթակա) եկամուտները և այդ ժամանակահատվածին վերաբերող նվազեցումները, ինչպես նաև վճարված հաստատագրված վճարները, արտոնագրային վճարներն ու շրջանառության հարկը հաշվի չեն առնվում հարկման ընդհանուր համակարգում գտնվող գործունեության տեսակների մասով հարկվող եկամուտը որոշելիս.
2) հարկման ընդհանուր համակարգում գտնվող, ինչպես նաև հաստատագրված վճարների և (կամ) արտոնագրային վճարների և (կամ) շրջանառության հարկի օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերը վարում է եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում (ըստ հարկման համակարգերի), իսկ ժամանակաշրջանի ծախսերը (որոնք ըստ հարկման համակարգերի հնարավոր չէ առանձնացնել) բաշխվում են` ելնելով ընդհանուր համախառն եկամտի մեջ հարկման տարբեր համակարգերում գտնվող գործունեության տեսակներից ստացված (ստացվող) եկամուտների տեսակարար կշիռներից (ըստ հարկման համակարգերի համախառն եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում չվարելու դեպքում դրանց մեծությունը հարկային մարմնի կողմից որոշվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով):
9. Հարկային գործակալների կողմից ֆիզիկական անձանց հաշվետու տարվա ընթացքում վճարման ենթակա պասիվ եկամուտները (մասնավորապես` տոկոս, ռոյալթի, գույքի վարձակալության դիմաց եկամուտ, գույքի արժեքի հավելաճ կամ գույքի ձեռքբերման դիմաց եկամուտ) հարկվող շահույթը (եկամուտը) որոշելիս համախառն եկամտից նվազեցնելու դեպքում նվազեցման կատարման տարվան հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում չվճարվելու դեպքում վճարման ենթակա այդ պասիվ եկամուտների նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով և ներառվում 12-րդ ամսվա ամփոփ հաշվարկում, իսկ հարկի գումարը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե այդ ժամանակահատվածին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ: Սույն մասի դրույթները չեն վերաբերում բանկերին և վարկային կազմակերպություններին` այլ անձանցից ներգրավված վարկերի, փոխառությունների և ավանդների դիմաց վճարվող տոկոսների մասով, ինչպես նաև այլ կազմակերպություններին՝ վերջիններիս կողմից թողարկված և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց վճարվող գումարների մասով:
Իրավաբան.net