Տուգանվել են Adjarabet-ը, Vbet-ը և TotoGaming-ը. ՄՊՀ

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար նշանակվել է շուրջ 433 միլիոն ՀՀ դրամի չափով տուգանք:

Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումներով պատասխանատվության միջոցներ են կիրառվել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող թվով 3 ընկերությունների նկատմամբ գովազդի միջոցով հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար:

Մասնավորապես պարզվել է, որ «Կաբարկո» ՍՊԸ-ն («Adjarabet») «Սլոթ Նինջա», «Վայրի Արևմուտք», «5+1 Լայվ», «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն («Vbet») «ՀաջողԱկ», «ՀաջողՄիամսյԱկ» և «Դիջիթեյն» ՍՊԸ-ն («TotoGaming») «Քեշ-քեշ շահումներ», «Կոսմո Ռեյս» անվանումներով ակցիաների առնչությամբ իրականացված գովազդներում տեղեկատվությունը ներկայացրել են այն ձևով, որն առաջացրել է թյուր տպավորության (ապակողմնորոշման) ստեղծման հնարավորություն, ակցիաների շրջանակներում գործել են մի շարք էական պայմաններ, որոնք կամ որոնց գոյության և հասանելիության աղբյուրի մասին տեղեկատվություն գովազդներում չի նշվել՝ դրանց վերաբերյալ սպառողին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չտալով, ինչպես նաև իրականացված գովազդները հակասել են օրենքին:

Արդյունքում՝ Հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 410-Ա, 411-Ա և 412-Ա որոշումներով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի, «Դիջիթեյն» ՍՊԸ-ի և «Կաբարկո» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել են համապատասխանաբար 168 503 335 ՀՀ դրամի, 62 424 401 ՀՀ դրամի և 202 147 342 ՀՀ դրամի չափով տուգանքներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել