Ովքե՞ր պետք է վճարեն եկամտային հարկ

Սկզբում նշենք, որ եկամտային հարկը՝ հարկ վճարողների կողմից (օրենքով սահմանված դեպքերում հարկային գործակալի` կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի միջոցով) «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է:

Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկ վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ (այսուհետ` ռեզիդենտ) և Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ (այսուհետ` ոչ ռեզիդենտ) ֆիզիկական անձինք, այդ թվում` անհատ ձեռնարկատերերը և նոտարները (այսուհետ` հարկ վճարողներ):

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ որի կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձը:

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով կենսական շահերի կենտրոն է համարվում այն վայրը, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Մասնավորապես համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում է, եթե այնտեղ է գտնվում տունը կամ բնակարանը (որտեղ բնակվում է նրա ընտանիքը) և նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը:

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով ոչ ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը սույն նյութի 3-րդ մասին համապատասխան ռեզիդենտ չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել