Վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու համար նախատեսված մեկամսյա ժամկետի հաշվարկման սկիզբը կփոփոխվի

Արդարադատության նախարարությունը մինչև նոյեմբերի 2-ը հանրային քննարկման է ներկայացրել Քաղաքացիական և Վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նախագծով առաջարկվում է որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու համար նախատեսված մեկամսյա ժամկետի հաշվարկման սկիզբ դիտարկել դրանց ստացման պահը (ոչ թե հիմք ընդունելով նախադեպային իրավունքը, այլ այդ մասին հստակ սահմանելով օրենսգրքում), որպիսի պայմաններում գործնականում հստակ կերաշխավորվի դատական ակտը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում այն բողոքարկելու հնարավորությունը, և արդյունքում բողոքարկման ժամկետների հաշվարկման հստակության առումով խնդիրներ չեն առաջանա:

Մասնավորապես՝ տվյալ դեպքում օրենսդրորեն հստակ կսահմանվի, թե որ պահն է համարվում վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու համար նախատեսված մեկամսյա ժամկետի հաշվարկման սկիզբ, և այս մասով տարաբնույթ մեկնաբանման խնդիր չի առաջանա:

Նշենք, որ գործող իրավակարգավորումներով Քաղաքացիական դատավարության և Վարչական դատավարության օրենսգրքերում որպես նշված դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու համար նախատեսված մեկամսյա ժամկետի հաշվարկման սկիզբ նախատեսում են համապատասխան դատական ակտի հրապարակման պահը։

«Այս կապակցությամբ պետք է նշել, որ բավարար չափով հստակ չէ՝ ինչ է իրենից ենթադրում բողոքարկվող դատական ակտը «օրենքով սահմանված ժամկետում ստանալ» եզրույթը:

Նշված մեկնաբանությունը խնդրահարույց է այն դեպքում, երբ դատական ակտը գործին մասնակցող անձանց փոխանցվում է ոչ թե առձեռն հանձնման, այլ փոստային առաքման միջոցով ուղարկելու եղանակով, քանի որ նշված եղանակով ուղարկման դեպքում օրենսդրի կողմից սահմանված է ոչ թե դատական ակտի ստացման, այլ դրա ուղարկման ժամկետը (Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի, 183-րդ հոդվածի 5-րդ մասի և 386-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով ուժով որոշման օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել, իսկ Վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով՝ դատավարության մասնակիցներից որևէ մեկի ներկա չլինելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն ուղարկվում է նրան):

Այսինքն, դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դեպքում ըստ էության օրենսդրի կողմից չի սահմանվել և չէր էլ կարող սահմանվել դատական ակտի ստացման ժամկետ, քանի որ դրա ստացումը կախված է փոստային առաքումից»,-նշվում է հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել