Ո՞վ պետք է փոխհատուցի դատավարության մասնակիցների ծախսերը

Վկաների, փորձագետների և թարգմանիչների դատարան ներկայանալու ճանապարհածախսը ենթակա է հատուցման: Նրանց վճարվում է նաև օրապահիկ և գիշերավարձ: Բնակության վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ, անկախ հեռավորությունից, բնակության վայրից մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքերում հատուցվում է միայն ճանապարհածախսը:

Չզբաղված անձանց վճարվում է փոխհատուցում` ժամանակի կորստի համար` ելնելով ժամանակի փաստացի կորստի և օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափերից, իսկ զբաղված անձանց փոխհատուցումը վճարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով և չափով:

Փորձագետները և թարգմանիչները դատարանի հանձնարարականները կատարելու համար վարձատրվում են, եթե այդ գործողությունները (աշխատանքը) չեն մտնում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում նրանց ծառայողական պարտականությունների շրջանակի մեջ: Հակառակ դեպքում նրանք չեն վարձատրվում, սակայն նրանց աշխատավարձն աշխատանքի վայրում պահպանվում է դատավարությունում ներգրավվելու հետ կապված նրանց բացակայության ամբողջ ժամանակահատվածում: Վճարվելիք գումարների չափը որոշում է դատարանը` կողմերի հետ խորհրդակցելով, փորձագետների և թարգմանիչների նախնական համաձայնությամբ:

Վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը` նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին հատկացված միջոցների հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել