Ոչ մի ռազմագերի չի կարող ենթարկվել ֆիզիկական խեղման կամ գիտական ու բժշկական փորձարարության

Ռազմագերին հակառակորդի իշխանության տակ ընկած անձն է, ով ժամանակավորապես գտնվում է նրա իշխանության ներքո:

Ռազմագերիների կարգավիճակին և նրանց հետ վարվելակերպին վերաբերող նորմերը սահմանված են «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա):

Կոմվենցիայի համաձայն՝ ռազմագերիները գտնվում են հակառակորդ տերության, բայց ոչ առանձին անձանց կամ նրանց գերի վերցրած զորամասերի իշխանության տակ: Անկախ այն պատասխանատվությունից, որ կարող է ընկնել առանձին անձանց վրա, գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար:

Ռազմագերիները գերության մեջ պահող տերության կողմից կարող են հանձնվել միայն այն տերությանը, որը հանդիսանում է Կոնվենցիայի մասնակից, և միայն այն բանից հետո, երբ գերության մեջ պահող տերությունը համոզվել է, որ տերությունը, որին հանձնվում են ռազմագերիները, ցանկանում է և ունակ է կիրառելու Կոնվենցիան: Եթե ռազմագերիները հանձնվում են այսպիսի պայմաններում, ապա Կոնվենցիայի կիրառման պատասխանատվությունը կրում է նրանց ընդունող տերությունը այնքան ժամանակ, քանի դեռ նրանք գտնվում են նրա խնամակալության ներքո:

Սակայն, եթե այդ տերությունը չկատարի Կոնվենցիայի դրույթները ցանկացած կարևոր կետով, տերությունը, որը հանձնել է ռազմագերիներին, ստանալով հովանավոր տերության ծանուցումը, պետք է ձեռնարկի արդյունավետ միջոցներ՝ դրությունը շտկելու համար կամ պահանջի հետ վերադարձնել ռազմագերիներին: Այդպիսի պահանջը պետք է բավարարվի:

Ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Գերության մեջ պահող տերության ցանկացած ակտը կամ անգործությունը, որոնք հարուցում են նրա իշխանության տակ գտնվող ռազմագերու մահը, կամ ռազմագերու առողջությունը դնում լուրջ սպառնալիքի տակ, արգելվում են և կդիտվեն որպես Կոնվենցիայի լուրջ խախտումներ:
Մասնավորապես՝ ոչ մի ռազմագերի չի կարող ենթարկվել ֆիզիկական խեղման կամ գիտական ու բժշկական փորձարարության, ինչ բնույթի էլ այն լինի, որը չի արդարացվում ռազմագերու բուժման նկատառումներով և նրա շահերով:

Ռազմագերիները հավասարապես պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից և, մասնավորապես, բռնության կամ ահաբեկման, ամեն տեսակի ակտերից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրություններից պաշտպանվելուց:
Նրանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումն արգելվում է:

Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք:

Կանանց նկատմամբ հարկ է վերաբերվել նրանց սեռին վայել ամենայն հարգանքով, և նրանց հետ պետք է բոլոր դեպքերում վարվել ոչ ավելի վատ, քան տղամարդկանց հետ:

Ռազմագերիները լրիվ պահպանում են իրենց քաղաքացիական իրավունակությունը, որից նրանք օգտվելիս են եղել գերության վերցնելու ժամանակ: Գերության մեջ պահող տերությունը կարող է սահմանափակել այդ իրավունակությամբ տրամադրվող իրավունքների իրականացումը իր սեփական տարածքում կամ այդ տարածքից դուրս միայն այնչափ, որչափ որ պահանջում են գերության պայմանները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել